
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել ամերիկացիներին անհապաղ լքել Իրաքը՝ երկրում իրանամետ խմբավորումների կողմից ենթադրյալ սպառնալիքի պատճառով։
Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ «Իրանի հետ կապված իրաքյան ահաբեկչական խմբավորումները կարող են փորձել հարձակումներ իրականացնել Բաղդադի կենտրոնում առաջիկա 24-48 ժամվա ընթացքում»։ Ամերիկացի դիվանագետները կարծում են, որ այս խմբավորումները կարող են թիրախավորել ԱՄՆ քաղաքացիներին, ԱՄՆ-ի հետ կապված ձեռնարկություններին, համալսարաններին, դիվանագիտական հաստատություններին, էներգետիկ ենթակառուցվածքներին, հյուրանոցներին, օդանավակայաններին և այլ վայրերին, որոնք կարող են համարվել ԱՄՆ-ի հետ կապված, ինչպես նաև իրաքյան հաստատություններին և քաղաքացիական օբյեկտներին։ «ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել Իրաքը», – ասվում է դիվանագիտական ներկայացուցչության X-ում տեղադրված հայտարարության մեջ։