2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ նրան խնդրելով երաշխավորել, որպեսզի որդու խափանման միջոցը փոխվի։
Գայանե Մինասյանը նամակին կից ներկայացրել է որդու բարձր առաջադիմության մասին վկայող գնահատականները, հիմնական դպրոցի ավարտական Կարմիր վկայականը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, բավարարել է Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։
Դատավորը հաշվի չի առել փաստաբանական խմբի միջնորդությունն առ այն, որ տղան առողջական խնդիրներ ունի, որոնք կալանքի հետ անհամատեղելի են։
Դավիթ Մինասյանը Արմավիր ՔԿՀ տեղափոխվելուց առաջ փաստաբան Վարդուհի Էլբակյանին հարցրել է՝ դպրոցս ավարտելու հնարավորություն կունենա՞մ։
Բանտ չմտած՝ տղան կորցրել է գիտակցությունը։
Նշենք, որ Դավիթի եղբայրը՝ Միքայելը, ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց նրան ազատ են արձակել՝ բացակայելու արգելքով։
Եղբայրները մեղադրվում են Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու մեջ։


