Օվերչուկ. Ակնհայտ է, որ ՀՀ-ին պատրաստում են ՌԴ-ի համար թշնամական դարձած դաշինք մտնելուն

Օվերչուկ. Ակնհայտ է, որ ՀՀ-ին պատրաստում են ՌԴ-ի համար թշնամական դարձած դաշինք մտնելուն

2 ապրիլի 2026 – 13:32 AMT

PanARMENIAN.Net – Մոսկվայի համար ակնհայտ է, որ Հայաստանին նախապատրաստում են Եվրամիություն մտնելուն, որը Ռուսաստանի համար դարձել է թշնամական բլոկ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նա նշել է, որ նման սցենարի իրականացումը հանգեցնելու է լուրջ հետևանքների, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչ տեսնում ենք երկաթուղային կոնցեսիայի շուրջ զարգացումների օրինակով, տեղավորվում է ԵՄ հետ Հայաստանի ղեկավարության հռչակած մերձեցման քաղաքական տրամաբանության մեջ: Մի դաշինքի, որը տնտեսական մայրամուտն է ապրում և վերափոխվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմաքաղաքական բլոկի», – ասել է Օվերչուկը։

Ըստ նրա, այն հարցը, թե «արդյոք հայերը ցանկանում են դառնալ Ռուսաստանի նկատմամբ թշնամական բլոկի մաս, դա հենց հայերի գործն է»։

«Մեզ համար ակնհայտ է, որ նրանց դրան նախապատրաստում են, ինչպես նաև ակնհայտ են իրադարձությունների նման զարգացման երկարաժամկետ ծանր հետևանքները», – նշել է Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալը։

Օվերչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ շրջանակում ՀՀ շահերին հակասող ոչ մի որոշում չի կարող ընդունվել:

«Որոշումների ընդունման ժամանակ մեր ընդհանուր տնտեսական ինտեգրացիոն միավորման՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործում է կոնսենսուսի սկզբունքը։ Հայաստանի ձայնը հավասար է Ռուսաստանի և միավորման մյուս բոլոր անդամ պետությունների ձայնին՝ անկախ նրանց տնտեսությունների և երկրների չափերից», – ընդգծել է Օվերչուկը։

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան չի խոչընդոտում Երևանին նոր գործընկերներ գտնելու և արտաքին շուկաներն ընդլայնելու հարցում, այդ թվում՝ ԱՄՆ և Եվրոպական միության հաշվին։

«Մենք էլ առաջարկել ենք միասին շարունակել զարգանալ և եկամուտ ստանալ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր բիզնեսն այնտեղ կարողանա գործել, ինչպես նաև հայկական բիզնեսը կարողանա գործել այստեղ: Մեզ ասել են, որ ռուսական բիզնեսի ներկայությունը խանգարում է Հայաստանին իր մրցակցային առավելությունները իրականացնել:

Միևնույն ժամանակ Ռուսաստանը բացել է իր շուկան հայկական ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի համար։ Այդ մասին վկայում են մեր երկրների և ժողովուրդների մոտիկությունը բնութագրող թվերը», – նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Այս համատեքստում Օվերչուկը կրկին ընդգծել է, որ միջազգային հարաբերությունների հիմքում ընկած են հավասարության և փոխադարձության սկզբունքները։

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է․ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընթանում է քննարկում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Մենք դրան վերաբերվում ենք լիովին հանգիստ, հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից։ Սակայն պետք է ակնհայտ լինի, պետք է ազնիվ կերպով, նախապես, ինչպես ասում են, ի սկզբանե ասված լինի, որ Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է։ Դա պարզապես անհնար է։ Եվ հարցը նույնիսկ քաղաքական չէ, այլ զուտ տնտեսական բնույթի է»։

Leave a Comment