Փաշինյանը հայտարարել է ռուսական «Մեծ թատրոնը» հայկական բալետի զարգացման գործում ներգրավելու անհրաժեշտության մասին

Մոսկովյան «Մեծ թատրոնի» լավագույն փորձը պետք է օգտագործել ՀՀ մասնագետների վերապատրաստման համար, կառավարության ապրիլի 2-ի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է հայկական բալետի զարգացումն արագացնելու անհրաժեշտությունը՝ համաշխարհային առաջատար թատրոնների, այդ թվում՝ Ռուսաստանի «Մեծ թատրոնի» հետ համագործակցության միջոցով։

Նա մատնանշել է հայկական հաստատությունների ցածր միջազգային ճանաչելիությունը և նշել, որ առանց արտաքին աջակցության համաշխարհային դպրոցներից հայկական բալետի հետ մնալը կարող է հասնել «երեք հարյուր տարվա», հայտնել է վարչապետը։

«Այո, մենք տեսնում ենք, որ մեր բալետը զարգանում է, բայց ակնհայտ է, որ «Մեծ թատրոնի» մակարդակին հասնելու համար մենք այս տեմպով մի 300 տարի պետք է զարգանանք։ Մեզ պետք չի ամաչել, նեղվել, պետք է ասել, այո՛, խնդրում ենք՝ եկե՛ք մեզ աջակցեք»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ պետք է հասնել մակարդակի, որ հայկական մշակույթը դառնա օրինակելի և այն մատնացույց արվի, ինչպես շատ հայտնի մշակութային կենտրոնների դեպքում է։

«Ես ոչ մի տեղ չեմ լսել, որ մեկը ասի՝ «լսե՞լ եք Երևանի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը», «այն օրը գնացել ենք․․․, մենք ցնցված ենք ուղղակի․․․», բայց լսել եմ, որ այդպես ասում են Վիեննայի նվագախմբի մասին և այլն։ Սա մտածողության փոփոխությունն է։ Ոչ մեկը տոմս չի առնում, երկու ինքնաթիռ չի նստում, գալիս Երևան, որպեսզի գնա ինչ-որ մի ներկայացում նայելու, բայց աշխարհում բազմաթիվ այդպիսի հոսքեր կան։ Մենք այդ հոսքերից դուրս ենք, մեզ չի հետաքրքրում դա»,- շեշտել է Փաշինյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին ընդունել է բարեփոխումների անհրաժեշտությունը, սակայն ընդգծել է մշակութային հաստատությունների կողմից արդեն իսկ իրականացվող զգալի աշխատանքը։

«Մեր Օպերային թատրոնը բոլորովին վերջերս ընդգրկվել է Օպերային թատրոնների միջազգային ցանցի մեջ և հայտնվել է այն հարթակում, որը տեսանելի է դարձնում աշխատանքը և որը թույլ է տալիս ներկայացումները վաճառել նաև դրսում։ Նույն օպերային թատրոնում առաջիկայում նաև նախատեսված են հյուրախաղեր և համերգներ հենց նույն Մոսկվայի «Մեծ թատրոն»-ի կողմից։

Նախարարը նաև հավելել է, որ գործում է համագործակցության համաձայնագիր միլանյան «Լա Սկալա» թատրոնի հետ, որի շրջանակներում հայ մասնագետները վերապատրաստում են անցնում, ինչը նպաստում է պրոֆեսիոնալ աճին և միջազգային փորձի փոխանակմանը:

Վարչապետը կարևորել է մշակութային հաստատությունների տոմսերի աճուրդային վաճառքի ներդրումը և ընդգծել «դահլիճներ լցնելու» համար անվճար հրավիրատոմսեր բաժանելու պրակտիկայից հրաժարվելու անհրաժեշտությունը։

«Երկու ատոմակայան ենք ստեղծել Հայաստանում, և հիմա մենք կարող ենք նաև մեր մշակութային հաստատությունների ֆինանսավորման սխեմաների փոփոխության և դրա արդյունքների մասին խոսել, բայց էլի եմ ասում, մենք ինչքան մեր հաջողություններն արձանագրում ենք, այդքան էլ պետք է ինքնաքննադատաբար վերաբերվենք»,- շեշտել է նա:

Leave a Comment