Խաչատրյան․ ՀՀ-ն էր Արցախի անվտանգության երաշխավորը, 3-րդ երկրների կարծիքը չէր կարող որոշիչ լինել

Խաչատրյան․ ՀՀ-ն էր Արցախի անվտանգության երաշխավորը, 3-րդ երկրների կարծիքը չէր կարող որոշիչ լինել

2 ապրիլի 2026 – 13:04 AMT

PanARMENIAN.NetՀՀ-ն էր Արցախի անվտանգության երաշխավորը, 3-րդ երկրների կարծիքը չէր կարող որոշիչ լինել, հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն տեսակետին, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվել է այն բանից հետո, երբ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն նման հայտարարություն է արել։

Փաշինյանն այդ մասին ասել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Նա հավելել է, որ Արցախում հայեր էին ապրում, և խոսքը հայ բնակչության անվտանգության մասին էր, հայտնում է «Փաստինֆոն»:

«Հայաստանի Հանրապետությունն էր Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Արցախում հայեր էին ապրում, և խոսքը հայ բնակչության անվտանգության մասին էր։ Արցախում ռուսներ, չինացիներ, ալեուտներ չէին ապրում, որ երրորդ երկրների կարծիքը որոշիչ լիներ։ Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ բանակցում էր Հայաստանի Հանրապետությունը, և երրորդ երկրները կարող էին ունենալ իրենց կարծիքը, բայց առաջնայինը հենց Արցախի Հանրապետության կարծիքն էր, այլ ոչ թե որևէ երրորդ երկրի։

Եթե առաջնորդվեինք այդ տրամաբանությամբ, ապա 1988 թվականից արցախյան շարժում էլ չէր սկսվի, քանի որ այն ժամանակ ևս Սովետական Միությունն էր դեմ միութենական հանրապետությունների սահմանների փոփոխությանը։ Նիկոլ Փաշինյանը, իր էությանը հավատարիմ, փորձում է իր պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում բանակցությունների ընթացքում անդրադարձել է Ղարաբաղի հարցին և Հայաստանի դիրքորոշմանը՝ նշելով, որ Հայաստանը Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչել է միայն այն բանից հետո, երբ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն նման դիրքորոշում է արտահայտել։

Նա ընդգծել է, որ արդեն բաց և հստակ ձևով հայտարարել է ՀՀ-ում, որ անհրաժեշտ չէ շարունակել ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, և երկու երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունն ու ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմաթկկ հռչակագրի հիման վրա։

Փաշինյանն ասել է․ «Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, և Դուք հիշում եք՝ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք»:

Leave a Comment