Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում մերժել է խորհրդարանում ներկայացված օրենքների փաթեթը, որը նախատեսում էր գումարի դիմաց զինվորական ծառայության ժամկետի կրճատում, զորակոչի տարիքը 27-ից 37-ի բարձրացում, ինչպես նաև քաղաքացիությունից դուրս գալու համար պետական տուրքի կտրուկ թանկացում՝ պատճառաբանելով, որ այս փոփոխությունները ժամանակավրեպ են, կարող են խրախուսել արտագաղթը և վատթարացնել ժողովրդագրական իրավիճակը:
Փաթեթով առաջարկվում էր մի քանի էական փոփոխություն:
Նախագծով առաջարկվում էր 18-27 տարեկան զինապարտ տղամարդկանց հնարավորություն տալ գումարի դիմաց կրճատված ժամկետով զինվորական ծառայություն անցնել: Մասնավորապես՝ 6 ամիս ծառայության դեպքում առաջարկվում էր վճարել 15 միլիոն դրամ, իսկ 1 ամսվա դեպքում՝ 20 միլիոն դրամ:
Կառավարությունը համարում է, որ այս առաջարկը ժամանակավրեպ է՝ հաշվի առնելով զինծառայության մասին օրենքում 2025 թվականի դեկտեմբերին արդեն իսկ կատարված փոփոխությունները:
Փաթեթով առաջարկվում էր պարտադիր զինվորական ծառայության զորակոչի առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկան: Կառավարությունը գտնում է, որ նման քայլը կարող է բացասաբար անդրադառնալ ժողովրդագրական ցուցանիշների վրա, քանի որ այդ տարիքային խմբում տղամարդիկ սովորաբար ամուսնանում և ընտանիք են կազմում:
«Պետական տուրքի» մասին օրենքի նախագծով առաջարկվում էր մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիքը) Հայաստանի քաղաքացիությունից դուրս գալու համար պետական տուրքը սահմանել 15 միլիոն դրամ: Կառավարությունը գտնում է, որ այս առաջարկը ևս խնդրահարույց է և միայն զինծառայությամբ պայմանավորված անհրաժեշտություն չի տեսնում պետտուրքի այդչափով բարձրացման համար։