Աբխազիայում քննարկվել են Հայաստանի հետ տուրիստական հոսքերը երկկողմ ավելացնելու հարցերը

Աբխազիայի զբոսաշրջության նախարար Աստամուր Լոգուան Հայաստանի տուրիստական ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հարցերը, գրել է Apsnypress.info-ն։

Լոգուան Հայաստանի տուրիստական ոլորտի ներկայացուցիչներ՝ «Կիվի թրեվլ ընկերության սեփականատեր Մարիամ Մելքոնյանի և մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանի հետ հանդիպմանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև ազգակցական և բարեկամական կապերի կարևորությունը:

Նա նշել է, որ հայկական մշակույթին նվիրված ամենամյա «Համշեն» փառատոնը կարող է խթան հանդիսանալ Հայաստանից Աբխազիա զբոսաշրջիկների հոսքի ավելացման համար: Նախարարը պատմել է, որ Աբխազիայի բնակիչները հաճախ են այցելում Երևան, որը հայտնի է իր տեսարժան վայրերով, սպասարկմամբ և գաստրոնոմիայով:

Իր հերթին, Հայաստանի ներկայացուցիչները հաստատել են հայ զբոսաշրջիկների հետաքրքրությունը Աբխազիայի նկատմամբ: Մարիամ Մելքոնյանի խոսքով՝ Հայաստանից զբոսաշրջային հոսքի ավելացման հիմնական խոչընդոտներից մեկը վիզայի ստացման հետ կապված դժվարություններն են:

Լոգուան տեղեկացրել է, որ Զբոսաշրջության նախարարությունն արդեն իսկ աշխատում է այդ հարցի լուծման ուղղությամբ:

«Մենք նամակով դիմել ենք նախագահ Բադրա Գունբային՝ առաջարկելով բացառություն անել Հայաստանի քաղաքացիների համար, ինչպես Բելառուսի և Ղազախստանի հանրապետությունների հետ համագործակցությունն է այս ոլորտում: Մենք առաջարկում ենք Հայաստանի քաղաքացիներին թույլատրել առանց վիզայի մուտք գործել Աբխազիա երկու շաբաթ ժամկետով՝ զբոսաշրջային նպատակներով: Հուսով ենք, որ երկրի ղեկավարությունը կաջակցի այս նախաձեռնությանը, և դա խթան կհանդիսանա մեր ծրագրերի առավել ակտիվ իրականացմանը», – ասել է Լոգուան:

 

Leave a Comment