Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու պատճառներ չկան․ ՌԴ փոխվարչապետ



«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ գոյություն չունի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։



«Մեզ համար ակնհայտ է, որ ՀԿԵ կոնցեսիան որևէ երրորդ կողմի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ գոյություն չունի»,- նշել է նա։


Ռուսաստանի փոխվարչապետը շեշտել է, որ Մոսկվայում ընդունված է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Ըստ նրա՝ գործընթացները մտահոգիչ են.


«Ռուսաստանում ընդունված է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով, իսկ դրանք փաստում են, որ նախ խլեցին մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացրել են երկաթուղային կոնցեսիայի հարցը։ Ինչպե՞ս արձագանքել դրան»,- հարց է հնչեցրել Օվերչուկը:

Հիշեցնենք, որ Հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երկրի փոխանցելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական կողմի կառավարման պայմաններում հայկական երկաթուղին զրկվում է որոշ մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են օգտվել հայկական երկաթուղու հնարավորություններին այն պատճառով, որ դրա կառավարումը իրականացնում է Ռուսաստանը։ 

Ապրիլի 1-ին թեմային անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այդ հարցով Ռուսաստանը ոչ Երևանի, ոչ Աստանայի հետ բանակցություններ չի վարում։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment