Փաշինյանը` Պուտինին․ ՌԴ անձնագիր ունեցողները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին

Փաշինյանը` Պուտինին․ ՌԴ անձնագիր ունեցողները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին

2 ապրիլի 2026 – 10:23 AMT

PanARMENIAN.NetՌուսական անձնագիր ունեցողները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

«Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ, օրինակ, մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Սրանք պատգամավորների ընտրություններ են, և դե ֆակտո նաև վարչապետի ընտրություններ են։ Եվ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։ Այսինքն՝ ամենայն հարգանքով, բայց ռուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա»,-ասել է Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Նա նաև հավելել է, որ ՀՀ-ում «ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Հայաստանում առկա են բազմաթիվ ռուսամետ քաղաքական ուժեր և գործիչներ, ինչպես նաև նշել է, որ նրանցից ոմանք գտնվում են ազատազրկման մեջ։

«Ես Ձեզ բացահայտ կասեմ՝ մեր միջև այնպիսի երկխոսություն է, որ մենք միշտ խոսում ենք ազնվորեն և ուղիղ։ Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»,-ասել է Պուտինը:

Leave a Comment