Հայաստանը պետք է ստույգ հաշվարկի Իրանի դերը մեր տարածաշրջանում •

Անկարան մտադրված է անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին երկիրը ապահովագրել տարածաշրջանում շարունակվող հակամարտությանը ներքաշվելուց:

Այդ մասին, ինչպես տեղեկացրել է «Անադոլուն» Ազգային մեծ ժողովի «Արդարություն և զարգացում» խմբակցության հետ ապրիլի մեկին ունեցած հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Պատերազմը շարունակվում է՝ բարձրացնելով սպառնալիքների աստիճանը: Մեր առաջնահերթությունն է՝ անկորուստ անցնել այս փուլը: Մենք լի ենք այդ հրդեհից Թուրքիան հեռու պահելու վճռականությամբ»,- ասել է Էրդողանը:

Կարելի է համարել, որ այդպիսով Թուրքիայի նախագահը երկու կարևոր արձանագրում է արել, Իսլամաբադում անցկացված նախարարական խորհրդաժողովը ոչ մի արդյունքի չի հասել, Անկարային չի հաջողվել Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդության մտադրությունը կապիտալիզացնել, և այդ իսկ պատճառով կա ընկալում, որ Մերձավոր Արևելքում պատերազմը շարունակվելու է՝ սպառնալով «հասնել Թուրքիայի սահմաններին»:

Այս առումով չափազանց ենթատեքստային է Էրդողանի պնդումը, որ տարածաշրջանում «թափված արյան ամեն մի կաթիլ Նաթանյահուի համար «կենարար ջուր» է, որ երկարացնում է նրա քաղաքական կյանքը»:

Թուրքիայի նախագահն, այսպիսով, դարձյալ Նաթանյահուի կառավարությանը մեղադրել է տարածաշրջանում պատերազմներ հրահրելու և այդպիսով «սիոնիստական ցանցի ազդեցությունը տարածելու» մեջ, բայց, ի տարբերություն նախորդ հայտարարությունների, Էրդողանը այս անգամ ցուցաբերել է իրեն ոչ այնքան բնորոշ զսպվածություն և գլխավոր առաջնահերթություն է սահմանել «այս փուլն անկորուստ հաղթահարելը»:

Թուրքիայի նախագահի այս խիստ զգուշավոր կեցվածքի ֆոնին խիստ արտառոց է, որ Բաքվի իշխանական minval politika-ն տեղեկատվական հերթական «վրաերթի է ենթարկել» Իրանի իշխանություններին՝ հիշեցնելով անգամ ավելի քան երեսնամյա վաղեմության «ներխուժումներն Ադրբեջանի օդային տարածք» և ամփոփել, որ առավելագույնը, ինչ Թեհրանը կարող է ակնկալել, այն է, ինչ բազմիցս հնչեցրել է Բաքուն՝ «ադրբեջանական տարածքը երբեք Իրանի դեմ չի օգտագործվի», իսկ կոնկրետ այս փուլում «կշարունակվի մարդասիրական օգնությունը»:

Չնայած այդ հավաստիացումներին, տեղական հեռուստաընկերություններից մեկին հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը, որ ինքնաբացահայտվել է որպես Սոմալիում խորհրդային հետախուզության աշխատակից, տեսակետ է հայտնել, որ Իրանի շուրջ իրադարձությունները «զարգանում են այդ երկրի ամբողջականությունը փլուզելու սցենարով»:

Զուլֆուգարովը վստահաբար պնդել է, որ «հեռու չէ ժամանակը, երբ 140 միլիոնանոց մեկ ազգը կունենա երեք անկախ պետություն»: Նա ակնհայտորեն նկատի է ունեցել Թուրքիան, Ադրբեջանը և Իրանից անջատված «երրորդ պետությունը»:

Դժվար է կողմնորոշվել՝ Թուրքիան և Ադրբեջանը «տարբեր ճամբարի դերակատա՞ր են», թե՞ Իրանի հարցում դիրքորոշումների տարբերությունը դիվանագիտական «պայմանավորված խաղ» է:

Ամեն դեպքում Հայաստանը պետք է ստույգ հաշվարկի, որ Իրանի շուրջ իրավիճակի կարգավորումը կարող է տեղի ունենալ տարածաշրջանում շատ արմատական փոփոխությունների հիման վրա:

Leave a Comment