Հոգևորականներին արգելել են մուտք գործել քրեակատարողական հաստատություններ. ԶԼՄ

Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) հոգևոր ծառայություն իրականացնող մի շարք հոգևորականների մուտքն այդ հաստատություններ արգելվել է, հայտնել է «Հրապարակ»-ը։

Ըստ պարբերականի՝ սահմանափակումների պատճառը հոգևոր հայրերի հրաժարումն է գործել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ:

Թերթի տեղեկություններով, թեև իշխանական շրջանակները պաշտոնապես հետաձգել են եկեղեցու «բարենորոգման» իրենց ծրագրերը, սակայն շարունակում են գործընթացն անուղղակի մեթոդներով:

Մասնավորապես, պարբերականին հայտնի է դարձել, որ Քրեակատարողական ծառայության հոգևոր առաջնորդ Հայր Իսահակին տևական ժամանակ թույլ չեն տալիս մուտք գործել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

Նմանատիպ խնդրի է բախվել նաև Արգավանդի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, ով այցելում է ցմահ ազատազրկվածներին. նրա մուտքը «Նուբարաշեն» ՔԿՀ նույնպես արգելվել է:

Ըստ թերթի աղբյուրի՝ հոգևորականը փորձել է պարզաբանումներ ստանալ ՔԿՀ ղեկավարությունից, սակայն որևէ հստակ պատասխան չի տրվել:

Վարչապետ Նիկել Փաշինյանը 2025 թվականի ամռանից պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Վեհափառը մի քանի անգամ ակնարկել է, որ նման մտադրություն չունի: ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Կաթողիկոսի ելքը ՀՀ-ից արգելվել էր:

 

Leave a Comment