Ապրիլի 3-ին Վրաց ուղղափառ եկեղեցու Սինոդը նիստ է գումարում, որպեսզի քննարկի Համայն Վրաստանի կաթողիկոս – պատրիարքի ընտրության հարցը:
ՎՈՒԵ նոր առաջնորդը պետք է ընտրվի մինչև մայիսի 17-ը: Սինոդի նիստը կնախագահի միտրոպոլիտ Շիոն, ով պարիրարք-կաթոկիկոսի տեղապահն է 2017 թվականից ի վեր, երբ Եղիա Երկրորդի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի ընտրությունը արդեն իսկ քաղաքական ենթատեքստ է ստացել: Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին մեղադրել են Վրաց ուղղափառ եկեղեցու ներքին գործերին միջամտելու մեջ:
Հարկ է ընդգծել, որ չնայած ՎՈՒԵ հետ սերտ կապերին, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Եղիա Երկրորդի հուղարկավորությանը չի մասնակցել:
Վրացական աղբյուրները դեռեւս Եղիա Երկրորդի օրոք մի բազմիցս ընդգծել են, որ Վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւոր վերնախավը «բաժանված է երկու խմբի»:
Ավագ սերնդի հոգևորականները ճանաչում են Ռուս ուղղափառ եկեղեցու հետ հոգևոր ընդհանրությունը, իսկ ավելի երիտասարդներն, ընդհակռակը, համարում են, որ պետք է խորացնել Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարքի հետ կապերը:
Վրացական Apsny առցանց լրատվամիջոցի մեկնաբանի հայացքով՝ «Եղիա Երկրորդը տարիներ ի վեր կարողացել է հարթել ներքին տարաձայնությունները և գոնե առերեւույթ պահպանել հոգևորական դասի միասնությունը»:
Նրա մահից հետո Վրաց ուղղափառ եկեղեցին «պետք է ընտրություն կատարի ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական կողմնորոշման առումով»: Վրացի հեղինակը գտնում է, որ «եկեղեցու հանրային վստահությունը լրջորեն խաթարված է, երիտասարդ սերնդի համար այն այլևս հեղինակություն չէ, քանի որ ավելի քան քառորդ դար Եղիա Երկրորդը լեգիտիմացրել է բոլոր իշխանություններին»:
Ի՞նչ որոշում կընդունի Վրաց ուղղափառ եկեղեցու Սինոդը: Մեծ հավանականությունը, որ կաթողիկոս-պատրիարքի տեղապահ Շիոն կառաջադրվի ՎՈՒԵ առաջնորդի թեկնածու: Վրաստանի իշխանություններն, ամենայն հավանականությամբ, չէին ցանկանա Մոսկվայի հետ հարաբերություններում ևս մեկ խնդիր ունենալ:
Իրավիճակը նուրբ է հատկապես նրանով, որ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, չնայած ՌԴ իշխանությունների կողմից Աբխազիայի անկախության ճանաչմանը, Աբխազիան պաշտոնապես ընդունում է որպես Վրաց ուղղափառ եկեղեցու կանոնական տարածք:
Վրաց ուղղափառ եկեղեցու «արեւմտամետ» կաթողիկոս-պատրիարք ընտրվելու դեպքում Ռուս ուղղափառ եկեղեցին կարող է Աբխազիայում թեմ հաստատել և մասնատել Վրաստանի քրիստոնեական ամբողջությունը: