ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հեռուստաուղերձով։ Սակայն նա այդպես էլ չի պատասխանել հարցին՝ երբ կավարտվի Միացյալ Նահանգների և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ, որը սկսվել է ավելի քան մեկ ամիս առաջ։
Թրամփը միայն կրկին կրկնել է, որ մարտական գործողությունները մոտ են ավարտին և մեկ անգամ ևս սպառնացել է Թեհրանին «չափազանց հզոր հարվածով»։
Նա հայտարարել է, որ ամերիկյան զորքերը գրեթե կատարել են իրենց առջև դրված խնդիրները Իրանի դեմ պատերազմում և որ հակամարտությունը շուտով կավարտվի։
«Մենք պատրաստվում ենք ավարտել աշխատանքը, և մենք պատրաստվում ենք ավարտել այն շատ արագ։ Մենք շատ մոտ ենք նպատակին»,- ասել է նա։
Թրամփը կրկին պնդել է, որ ԱՄՆ-ը ոչնչացրել է Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև պարալիզացրել է նրա բալիստիկ հրթիռների ծրագիրը և միջուկային զենքի ծրագիրը։ Նրա խոսքով՝ հարվածները կշարունակվեն առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում։
«Այս երեկո ես ուրախ եմ հայտնել, որ այս հիմնական ռազմավարական խնդիրները մոտ են ավարտին»,- ասել է Թրամփը։
Նա նաև կրկնել է, որ ոչ թե ԱՄՆ-ին, այլ այլ երկրներին է պետք Հորմուզի նեղուցը, որը արդեն մեկ ամիս է, ինչ փաստացի արգելափակված է Թեհրանի կողմից։ Թրամփի պնդմամբ՝ աշխատանքի ամենադժվար մասն արդեն արված է, և երբ հակամարտությունը ավարտվի, նեղուցը բնական ճանապարհով կբացվի։
«Մենք պատրաստվում ենք հասցնել նրանց չափազանց հզոր հարված առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում։ Մենք նրանց կվերադարձնենք քարի դար, որտեղ նրանց տեղն է»,- ավելացրել է նա։
Պատերազմի պատճառով վառելիքի գների աճը Թրամփը որակել է որպես «կարճաժամկետ»։ «Շատ ամերիկացիներ մտահոգված են տանը բենզինի գների վերջին աճով։ Այս կարճաժամկետ աճը հանգեցրել է այն բանի, որ իրանական ռեժիմը խելագար ահաբեկչական հարձակումներ է իրականացրել այն առևտրային նավթային տանկերների դեմ, որոնք ոչ մի կապ չունեն հակամարտության հետ»։
