Ռուսական և չինական բեռները Հայաստանի փոխարեն կարող են ուղղվել դեպի Իրան. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական և չինական բեռներն ավելի շուտ կանցնեն Իրանով, քան ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հայկական տարածքի հատվածով (Սյունիքի մարզով անցնող «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագիծը – խմբ.): Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ հղում անելով միջազգային փորձագետների գնահատականներին:

Օվերչուկն ընդգծել է, որ տարածաշրջանում շահերի հավասարակշռությունը կարող է ապահովվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ, և տրանսպորտային նախագծերի իրականացումն ուղղակիորեն կապված է այդ հավասարակշռության հետ:

Նրա խոսքով՝ Հայաստանի ապաշրջափակումն անհրաժեշտ է Հարավային Կովկասի զարգացման համար, իսկ առանց Մեղրիի հատվածի, ըստ նրա գնահատականի, «այնտեղ խաղաղություն չի լինի»:

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանի երկու մասերի միջև հարմար տրանսպորտային հաղորդակցության բացումը և Մեղրիի հատվածի վերականգնումն անհրաժեշտ են ողջ տարածաշրջանի խաղաղ զարգացման համար, սակայն դա հնարավոր է կառուցել միայն հաշվի առնելով բոլոր երկրների շահերը, ինչը կարող է երաշխավորել միայն Ռուսաստանի ներկայությունը:

Օվերչուկը նաև հավելել է, որ բեռնահոսքերը դեպի Հայաստան կարող է ուղղորդել միայն մրցակցային միջավայրը, ներառյալ ցածր սակագները, սպասարկումը և սահմանների արագ անցումը: Նա նշել է, որ եթե անտեսվի Ադրբեջանի և Թուրքիայի մտերիմ հարաբերությունների գործոնը, ապա միակ բանը, որը կարող է ապրանքաշրջանառությունն ուղղել Հայաստանով, մրցակցությունն է, բայց դա առանձին թեմա է: Հայկական ենթակառուցվածքները ստիպված են լինելու մրցակցել այնպիսի այլընտրանքային երթուղիների հետ, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Իրանի նախագծերը: Իրանում «Թրամփի երթուղուն» զուգահեռ արդեն ավարտվում է ժամանակակից ավտոճանապարհի շինարարությունը, ինչպես նաև քննարկվում է Ադրբեջանից Նախիջևան Իրանի տարածքով անցնող երկաթուղու կառուցման հարցը:

Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրել են համաձայնագիր TRIPP նախագծի վերաբերյալ: Ըստ ճանապարհային քարտեզի՝ նախագիծը կիրականացվի հայկական տարածքում՝ երկրի լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Ենթակառուցվածքների մշակման, շինարարության և սպասարկման համար Երևանն ու Վաշինգտոնը կստեղծեն TRIPP Development համատեղ ընկերությունը, որտեղ ԱՄՆ-ի բաժնեմասը կկազմի 74%, իսկ Հայաստանինը՝ 26%: Ծրագրի իրականացման ժամկետը 49 տարի է՝ երկարաձգման և հայկական կողմի բաժնեմասը մինչև 49% ավելացնելու հնարավորությամբ:

Leave a Comment