Փաշինյանը Պուտինին հայտարարել է, որ Հայաստանի ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ նախագահը հայտարարել է, որ կցանկանա, որ բոլոր ռուսամետ դիրքորոշում ունեցող քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանան մասնակցել Հայաստանի ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում։
«Հայաստանում մենք շատ ընկերներ ունենք, շատ, մենք դա գիտենք։ Շատ հայեր են ապրում Ռուսաստանի Դաշնությունում։ Կարելի է տարբեր կերպ հաշվարկել, մենք համարում ենք՝ ավելի քան 2 միլիոն մարդ։ Եվ հենց մեր ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալներն են այդ մասին վկայում։ Եվ կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Իհարկե, ես Ձեզ բացահայտ կասեմ՝ մեր միջև այնպիսի երկխոսություն է, որ մենք միշտ խոսում ենք ազնվորեն և ուղիղ։ Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին», – ասել է Պուտինն այսօր Փաշինյանին Կրեմլում հանդիպման ժամանակ։
Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և Հայաստանում գրեթե մշտապես առկա են քաղաքական գործընթացներ։
«Փաստացիորեն տարին երկու անգամ մեզ մոտ անցկացվում են համայնքային ընտրություններ, որոնք նույնպես շատ քաղաքականացված են, որովհետև մեր քաղաքական բարեփոխումների արդյունքում այնտեղ ևս մարդիկ քվեարկում են քաղաքական կուսակցությունների օգտին կամ դեմ։ Ուզում եմ ասել, որ մեզ մոտ կան քաղաքացիներ, որոնք կարծում են, թե Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը։ Բայց սա մեզ համար սկզբունքային հարց է։ Մեզ մոտ, օրինակ, սոցիալական ցանցերը 100%-ով ազատ են, ընդհանրապես որևէ սահմանափակում չկա, և շատ քաղաքացիներ կարծում են, որ դա չափից շատ է։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան։
«Եվ ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ, օրինակ, մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Սրանք պատգամավորների ընտրություններ են, և դե ֆակտո նաև վարչապետի ընտրություններ են։ Եվ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։ Այսինքն՝ ամենայն հարգանքով, բայց ռուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա»,– նշել է Փաշինյանը։