Մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, և Դուք հիշատակեցիք նախագահ Թրամփի անունը, և ակնհայտ է, որ նա իր ներդրումն է ունեցել այս գործընթացում, սակայն ակնհայտ է նաև, որ Դուք անձամբ նույնպես խաղացել և շարունակում եք խաղալ առանցքային, շատ կարևոր դեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս բոլոր գործընթացներում Դուք միշտ աջակցել եք, մենք մշտապես եղել ենք սերտ կապի մեջ, ես պարբերաբար տեղեկացրել եմ Ձեզ, թե ինչ գործընթացներ են ընթանում։ Եվ, ի դեպ, անցյալ տարվա օգոստոսին, երբ ես վերադարձա Վաշինգտոնից և զանգահարեցի Ձեզ, ես այն ժամանակ ասում էի, որ այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, նաև մեր հարաբերությունների համար նոր հնարավորություններ է բացում։

Եվ այժմ դա փաստ է՝ ես արդեն հիշատակեցի Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապը։ Մենք այս թեմայի վրա աշխատել ենք տասնամյակներ, բայց, ցավոք, երբեք չի հաջողվել հասնել նման որոշման։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հետ կապված հարցերին, ես արդեն շատ թափանցիկ և հրապարակայնորեն հայտարարել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն, և Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին։

Կարծում եմ, որ սա բավական ամուր հիմք է խաղաղության հետագա զարգացման համար։ Եվ, իհարկե, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ այն աջակցության համար, որը ես միշտ զգացել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։ Ղարաբաղի հարցով մենք բազմիցս ենք դա քննարկել, հիմնականում աշխատանքային ձևաչափով։ Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, և Դուք հիշում եք՝ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Եվ մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ նույնպես երբեք չենք թաքցրել, որովհետև 2022 թվականին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»,-ասել է Հայաստանի վարչապետը:

Leave a Comment