Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան պետք է կառուցվի ոչ թե խստության և պատժի գերակայության, այլ արդարության, պատասխանատվության և համերաշխության հիման վրա․ Արտակ Սարգսյան

«ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը գրում է․

«ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության բաց նամակ.

 

Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, Սույնով դիմում ենք Ձեզ՝ ելնելով պետական մտածողությունից, հանրային պատասխանատվությունից և ազգային համերաշխության կարևորությունից։ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երիտասարդներից մեկի նկատմամբ կիրառված կալանքը և նրան կրթվելու հնարավորությունից զրկելը խոր մտահոգություն են առաջացնում։

 

Մենք համոզված ենք, որ նման մոտեցումը չի նպաստում ո՛չ արդարության վերականգնմանը, ո՛չ էլ հասարակական լարվածության նվազեցմանը։

 

Այս առումով՝ մենք պահանջում ենք և հորդորում Ձեզ ցուցաբերել քաղաքական զսպվածություն և առաջնորդվել պետական լայնախոհությամբ՝

 

ձեռնարկել քայլեր երիտասարդների նկատմամբ կիրառված կալանքը վերանայելու և նրանց ազատ արձակելու ուղղությամբ,

 

ապահովել, որպեսզի նրանց կրթվելու իրավունքը չսահմանափակվի,

 

նախաձեռնել իրավական վարույթ համապատասխան մարմինների կողմից՝ ՊՊԾ ծառայության աշխատակիցների և Ձեր անվտանգության պատասխանատու անձանց գործողությունների վերաբերյալ՝ պարզելու հնարավոր անփութությունը, սադրանքի տարրերը և պրոֆեսիոնալ պարտականությունների չկատարումը։

 

Մենք գտնում ենք, որ այս միջադեպը բացահայտել է անվտանգության համակարգի լուրջ բացեր։ Հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունը արդեն անցել է այնպիսի ողբերգական փորձության միջով, ինչպիսին էր Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, պետական ղեկավարության անվտանգությունն ապահովող մարմինները պարտավոր են գործել բացառապես սառը հաշվարկով, բարձր պրոֆեսիոնալիզմով և կանխարգելիչ մտածողությամբ՝ բացառելով նման իրավիճակների կրկնությունը։

Թեև մենք քաղաքական հակառակորդներ ենք, այս դեպքում պարտավոր ենք ընդգծել՝ նման քայլը Ձեր կողմից կարող է հանդիսանալ քաղաքական բարի կամքի դրսևորում և վստահության կամ քաղաքական շահույթի political milage կուտակում։

 

Այն կարող է նպաստել հասարակության ներսում լարվածության թուլացմանը և պետական ինստիտուտների հանդեպ վստահության վերականգնմանը։

 

Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան պետք է կառուցվի ոչ թե խստության և պատժի գերակայության, այլ արդարության, պատասխանատվության և համերաշխության հիման վրա։

Հուսով ենք, որ Ձեր որոշումները կարտացոլեն հենց այս սկզբունքները։

 

Հարգանքով՝ «ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցություն

Leave a Comment