ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները քննարկում են հնարավոր գործարք՝ կրակի դադարեցման վերաբերյալ՝ առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցը բացելու պայմանով, հայտնել է Axios կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրատվականի զրուցակիցները չեն հստակեցրել՝ արդյոք քննարկումներն ընթանում են ուղղակիորեն, թե միջնորդների միջոցով, սակայն նշել են, որ գործարքի կնքման հեռանկարները մնում են անորոշ։
Ինչպես նշել է Axios-ը, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորում են շարունակել ռազմական գործողությունները, մինչդեռ նրա վարչակազմի որոշ անդամներ խորհուրդ են տալիս դեէսկալացիայի ուղիներ փնտրել։
Պարբերականի աղբյուրների պնդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատում նրա որոշումների կայացման և Իրանի վերաբերյալ հայտարարությունների ոճը համեմատել են «12-չափանի շախմատի» հետ։
«Սա նույնիսկ 3D շախմատ չէ, սա 12-չափանի է։ Նա պարբերաբար հակասում է ինքն իրեն, այնպես որ ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է նա մտածում։ Դա արվում է միտումնավոր», – նշել է նախագահի վարչակազմի ներկայացուցիչը։
Ըստ Axios-ի՝ անորոշություն են զգում նաև Թրամփի հետ պարբերաբար շփվող խորհրդականները։ Նրանց փոխանցմամբ՝ նախագահը հաճախ փոխում է տոնայնությունը և թույլ տալիս իրադարձությունների զարգացման տարբեր հնարավորություններ։ Օգնականների և դաշնակիցների մի մասը կարծում է, որ նախագահը գործում է իրավիճակային և նախընտրում է «բաց պահել» մի քանի ընտրանքներ՝ տարբեր լսարանների հետ քննարկելով տարբեր սցենարներ։
