Ամեն շաբաթ հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնում սնունդ ստանալու համար մի անսովոր վայրում՝ այն համեստ տան բակում, որտեղ ծնվել է արգենտինացի ֆուտբոլային լեգենդը՝ Դիեգո Արմանդո Մարադոնան։ Տունը գտնվում է Villa Fiorito աղքատ թաղամասում, որը գտնվում է Բուենոս Այրես քաղաքի արվարձանում։ Այժմ տունը այլևս Մարադոնայի ընտանիքին չի պատկանում․ սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում ներկայիս սեփականատերը իր հողապատ բակը տրամադրել է կամավորների խմբին։ Տան վերնամասում պատկերված է մեծ որմնանկար՝ Մարադոնայի պատկերով և «Աստծո տունը» գրությամբ․ հիշեցում այն մասին, թե ինչ մեծ նշանակություն ունի նա արգենտինացիների համար։
Աղքատությունը նվազում է, բայց խնդիրները մնում են
Վերջին պաշտոնական տվյալներով՝ Արգենտինայում աղքատությունը նվազել է․2025 թվականի առաջին կեսին այն կազմել է 31.6%, մինչդեռ 2024-ի նույն ժամանակահատվածում եղել է 52.9%։ Այդ ժամանակ երկրի նախագահը՝ Խավիեր Միլեյն, կտրուկ արժեզրկել էր ազգային արժույթը՝ պեսոն, ինչի հետևանքով գնաճը կտրուկ աճել էր։ Սոցիոլոգ Էդուարդո Դոնզայի խոսքով՝ թեև աղքատության մակարդակը զգալիորեն նվազել է, սակայն երկրի տնտեսությանը դեռ անհրաժեշտ է ավելի մեծ աճ հատկապես աշխատատեղեր ստեղծող ոլորտներում։ Վերջին շրջանում նաև ամսական գնաճն է նվազել՝ երկնիշ թվերից հասնելով մոտ 2.9%-ի։
Պատմական տուն
2021 թվականին Արգենտինան պաշտոնապես հայտարարել է, որ Մարադոնայի ծննդատունը ազգային պատմական վայր է։ Այժմ այն ոչ միայն հիշեցնում է ֆուտբոլային մեծության մասին, այլև դարձել է մի վայր, որտեղ մարդիկ օգնում են միմյանց՝ Մարադոնայի մանկության նույն բակում։
