Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում Բարդերի ակումբը հրավիրում է հեղինակային երգի բարեգործական համերգի։ Այս նախաձեռնությունը առիթ է խորհելու, թե ինչպես է արվեստը վերածվում սոցիալական պատասխանատվության և որն է երգահանի դերը հանրային արժեքների ձևավորման գործում։ Այս թեմաների շուրջ զրուցում ենք «Սիվիլարտ» մշակութային կազմակերպության և «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանի հետ։
Ըստ երգահանի՝ հասարակության մեջ առկա «հիվանդ» դրսևորումներն ու խոցելի գոտիներն առողջացնելու համար նախ անհրաժեշտ է ճիշտ ախտորոշում կատարել, ապա անցնել բուժման։ Այստեղ կարևոր է յուրաքանչյուրի անձնական ներդրումը՝ լինի դա ժամանակ, էներգիա, թե նյութական միջոցներ։ Մարդկային բարձրագույն արժեքների ձևավորումն ու կրթումը մշտական ընթացք է, և յուրաքանչյուրիս համար մարտահրավեր պետք է լինի ամեն օր մի քիչ ավելին դառնալը, քան նախորդ օրն էինք։ Սեփական միջավայրում փոքրիկ «մաքրություն» անելով՝ մենք կարող ենք հասնել ավելի առողջ հասարակության։ «Անտարբերությունը սկսում է այն պահից երբ էն, ինչ որ դու կարող ես անել, չես անում և մտածում ես քո փոխարեն ինչ որ մեկը կանի։ Արա ինքդ, ինչքան կարող ես, մասնակից դարձիր, ինչքան որ կարող ես»,– ասում է Վախթանգ Հարությունյանը։ Նրա համոզմամբ՝ անտարբերությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը հրաժարվում է անել իրենից կախված փոքր քայլը՝ հույսը դնելով ուրիշների վրա։
Անդրադառնալով իր ստեղծագործական կյանքին՝ երգահանը խոսեց նաև այս տարի լույս տեսած իր տասներորդ ալբոմի մասին։ Այն, ինչպես ինքն է ասում, ճամփորդություն է Պյութագորասից մինչև Նազովրեցի և միջնադարյան ուսուցիչներ։ Այս երգերը հեղինակի անցած մեկ տարվա ապրումների ու մտորումների ամփոփագիրն են։
«Ես վերջին քառորդ դարում իմ ուղենիշները չեմ փոխել և եթե կան «հանուններ» կարծում եմ հասարակությունը պետք է համախմբվի դրանց շուրջ։ Բոլոր «հանունների» մեջ՝ արժանապատիվ անձ ձևավորելու, քաղաքացի ունենալու, հասարակություն ձևավորելու խնդիրներն են։ Քաղքացին պիտի կիրթ լինի, բարոյական չափորոշիչներ ունենա և դրանք են գալիս սերունդ փոխելու։ Մենք պիտի գնանք այն տիրույթ, որտեղ հասարակություն ձևավորելու ճանապարհն է», –ասում է Վախթանգ Հարությունյանը։