Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումը՝ պահանջելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամի գույք։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ։
Հայցով հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել 7 անշարժ գույք, որից 6-ը՝ Երևանում, 1-ը՝ Կոտայքի մարզում, 4 տրանսպորտային միջոց, ևս 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, մասնակցություն 2 իրավաբանական անձանցում, շուրջ 1 մլն 290 հազար դրամ ավանդ, բանկի 30 պարտատոմս, 1 միլիարդ 544 միլիոն 254 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 1 միլիարդ 511 միլիոն 965 հազար դրամ, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվում օրինական եկամուտներով և ունի ապօրինի ծագում, 6 միլիոն 363 հազար դրամի չվերադարձված փոխառության պահանջի իրավունք։