Ես հպարտ եմ իմ թիմով, թեև հիմա մեզ համար շատ ցավոտ է․ Գատուզոն՝ Իտալիայի հավաքականի պարտության մասին

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է ԱԱ-2026-ի անցումային խաղում Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուց կրած պարտությունն ու Մունդիալի ուղեգիր չնվաճելը։

Իտալացի մասնագետը ներողություն է խնդրել երկրպագուներից, սակայն ընդգծել է, որ հպարտանում է իր ֆուտբոլիստների նվիրվածությամբ.

«Անձամբ ներողություն եմ խնդրում, որ Իտալիային չհաջողվեց նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր, բայց մեր տղաները դաշտում անմնացորդ նվիրվեցին։ Իտալիայի հավաքականն արժանի չէր սրան։ Մենք կիրք ցուցադրեցինք, 40-րդ րոպեից խաղում էինք տասը հոգով… տխուր է, բայց սա ֆուտբոլ է: Ես հպարտ եմ իմ թիմով, թեև հիմա մեզ համար շատ ցավոտ է»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Գլխավոր մարզիչը նաև հրաժարվել է պարտությունը բարդել մրցավարության վրա։

«Չեմ ցանկանում քննարկել մրցավարությունը կամ այլ արտաքին գործոններ։ Այսօր ամեն ինչ որոշվեց դաշտում: Ես երկար տարիներ եմ անցկացրել ֆուտբոլում, ուրախացել եմ հաղթանակներով և ապրել ծանր պարտություններ, ինչպիսին այսօրվանն է. այն շատ դժվար է ընդունել: Ինձ ապշեցրեց այն, թե որքան նվիրվածություն ու բնավորություն ցույց տվեցին տղաները: Մեզ վրա անընդհատ ճնշում էին գործադրում, կարծես խրամատներում լինեինք: Եվ դրա հետ մեկտեղ ստիպված ենք կրկին արձանագրել, որ մենք չհասանք աշխարհի առաջնություն»,- Գատուզոյի խոսքերը փոխանցում է Football Italia-ն։

Նշենք, որ աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հավաքականը բաց կթողնի երրորդ անընդմեջ Մունդիալը:

Leave a Comment