ՀՀ ներկա իշխանություններից պետք է սպասել վատթարագույնը՝ ընդհուպ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության դադարեցում և Ցեղասպանությունը ճանաչած երկրներին ուղղված կոչ՝ չեղարկելու իրենց այդ քայլը. Դեմոյան

Azg.am-ի զրուցակիցն է  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

-Պարո՛ն Դեմոյան, Ադրբեջանի ԱԳՆ-ը մարտի 31-ին կեղծ մեղադրանքներ պարունակող պաշտոնական հայտարարություն է տարածել՝  նշելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն են իրականացրել»։ Այդ երկրի ՄԻՊ-ը միջազգային հանրությունից պահանջել է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։ Ի՞նչ դիտարկումներ ունեք պաշտոնական Բաքվի այս նախաձեռնության առնչությամբ։

-Գիտե՞ք՝ ադրբեջանցիները քանի «ցեղասպանություն» ունեն. 1918 թվականի մարտի 31, հունվարին խորհրդային զորքերի մուտքն էլ է իրենց համար «ցեղասպանություն», փետրվարին ունեն Խոջալուն, մի հատ էլ «ցեղասպանություն» ունեն, որն իբր տեղի է ունեցել Ղուբա քաղաքում 1918 թ., որը շահարկում են։ Այստեղ հայերի հետ բնակվել են նաև հրեաներ։ 2009 թ. այս քաղաքի մարզադաշտի կառուցման ժամանակ մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ հայտնաբերվեցին։ Իսկ դա ժամանակին այդ քաղաքի աղբանոցն էր եղել։ Հիմա այնտեղ մեծ թանգարան կա, Ալիևն է այցելել, դեսպաններին են այնտեղ հրավիրել՝ ցույց տալու, որ հայերն իբր հրեաների են սպանել։ Իհարկե, գանգերն ու ոսկորները չեն կարող խոսել, բայց ես արխիվային փաստաթղթեր հրապարակեցի Ղուբայում հայ բնակչության կոտորածի վերաբերյալ։ Այդ ոսկորները կոտորածներին զոհ գնացած հայերինն են։ Հիմա ադրբեջանցիները սպանված հայերի ոսկորները միջազգային հանրությանը ցինիկաբար վաճառում են որպես հայերի կողմից սպանված հրեաների մասունքներ։

Համաշխարհային պատմության մեջ չի եղել և չի լինի մի նախադեպ, որ պայմանական կամ իրական որևէ հաղթող կողմ գնա զիջումների կամ պարտված կողմի հետ համահավասարեցնի իր շահերն ու նպատակները։ Նման բան չկա։ Միայն սպորտում է պատահում, որ հաղթողի ձեռքը բարձրացնում են, իսկ հետո պատվանդանին մեդալ են տալիս, ու հաղթող ու պատրված կողմերը ողջագուրվում են: Քաղաքականության մեջ ամեն ինչ ավելի կոշտ է. հաղթողը փորձում է պարտված կողմից մինչև վերջ ստանալ առավելագույնը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը թերուս է և չի հասցրել համալսարանական կրթության ընթացքում սերտել այս հատվածը, որպես խմբագիր՝ իր դեղին մամուլում նման հարցեր չի լուսաբանել։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի այս նախաձեռնությանը, ապա սա նոր բան չէ. դեռևս 1998 թվականին Հեյդար Ալիևը հիմք է վերցրել 1918 թվականի այն դեպքերը, երբ տեղի է ունեցել բախում բոլշևիկյան, թյուրք-ազգայնական և Բաքվում արգելափակված հայկական ուժերի միջև` որակելով այն «ցեղասպանություն»։ Մանրամասնեմ. երբ պատերազմն ավարտվել էր, մյուս ռազմաճակատներից հայերը երկաթուղով փորձում էին գալ Արևելյան Հայաստան՝ Երևան, Ալեքսանդրապոլ և այլն։ Բայց ազգայնականներն արգելափակել էին նրանց, և այդտեղ հայկական զինուժ էր կուտակվել։ Երբ օսմանյան թուրքերի կողմից հրահանգներ եղան հարվածել ռուսական նահանջող զորքին և տիրանալ զենքին, թյուրք ազգայնականները տարբեր տեղերում ռուսական զորքի զանգվածային կոտորածներ հրահրեցին։ Օրինակ՝ Շամխորի կայարանում մոտ 2 հազար զինվորի քնած ժամանակ ուղղակի գնդակահարեցին։ Նույնը փորձում էին Բաքվում անել, բայց այստեղ հայկական ուժերը, ինքնապաշտպանական նպատակներից ելնելով, միացան բոլշևիկյան ուժերին և կարողացան հակահարված տալ թյուրքական ազգայնական ուժերին։ Սրանք ծանր կորուստներ կրեցին, և ադրբեջանցիները 1918 թվականի մարտյան իրադարձությունները համարում են «ցեղասպանություն»։

Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել, իսկ հայր Ալիևն ադրբեջանցիների «ցեղասպանության» մասին փաստաթղթում հենց ռուսներին էր մեղադրում ադրբեջանցիների դեմ ցեղասպանություն իրագործելու մեջ։ Հրամանագրի տեքստում ասվում է, որ հենց ռուսներն են հայերին Կովկաս բերել, և դա էլ ադրբեջանցիների «ցեղասպանության» պատճառ է հանդիսացել։ Ես բազմաթիվ անգամ ռուսական կողմին հիշեցրել եմ, որ այդ փաստաթղթով ձեզ մեղադրում են ցեղասպանություն իրագործելու մեջ, այսինքն՝ նաև դուք եք այդ անհիմն մեղադրանքների հասցեատերը։ Հիմա տեսնենք՝ իրենց ասած «դուխով»-ը կհերիքի՞, որ այդ նույն Փաշինյանը Մոսկվայում կրկնի ու հիշեցնի այս դրվագը։ Իհարկե չի հերիքի, որովհետև ՀՀ այսօրվա իշխանությունները,  ստրկամտությունից բացի, այլ ռազմավարություն չեն որդեգրել։

-Պարո՛ն Դեմոյան, մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ որպես ՀՀ վարչապետ՝ հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից, ադրբեջանական իշխանությունները, գոյություն չունեցող փաստերը իրականության տեղ ներկայացնելով, սեփական «պատմական արդարությունն» են առաջ տանում։ Ինչպե՞ս է պատահում, որ Փաշինյանը հրաժարվում է տեր կանգնել մեր պատմությանը, իսկ Ալիևը նաև այս ոլորտում է սկսում հանդես գալ պահանջատիրության դիրքերից։

-Գալով պատմական հիշողությունից ընկրկելուն՝ հիշենք, որ առաջին ընկրկումներից մեկը հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի՝ 2012 թվականին անպատիժ հանձնումն էր Ադրբեջանին։ Այս հանգամանքն անպատժելիության առումով ներքին և արտաքին ճակատում լուրջ միավորներ տվեց Իլհամ Ալիևին։ Այնուհետև ադրբեջանցիները զարգացրեցին սեփական հաջողությունը, եղան բազմաթիվ դիվերսիոն հարձակումներ շփման գծի ամբողջ երկայնքով։

Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի 10-ամյակը, որը նույնպես մնաց անպատիժ։ Ինչո՞ւ. որովհետև պետությունը չփորձեց անգամ հակադիր գործողություններ ձեռնարկել՝ պատժիչ մեխանիզմների կիրառմամբ՝ նորից հույս ունենալով, որ հիմնական աղետը կհետաձգվի։ Եվ բերեցին մեկ այլ աղետ՝ 2018 թվականի՝ «թավշյա հեղափոխություն» կոչված կրկեսի տեսքով։ Բոլորս գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի առաքելություններից մեկն այդ աղետը սպասարկելն էր։ Դրա համար 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին նախապատրաստել էին «Նիկոլ և ուսապարկեր» հատուկ գործողությունը։

Գալով Հայոց ցեղասպանության պատմական փաստից ընկրկելուն՝ իհարկե, ի սկզբանե եղել է հանձնարարական, թե ինչ պետք է անել։ Սկզբում, իհարկե, խաբեության, ստախոսության, հանրային գիտակցության մանիպուլյացիայի միջոցով պետք էր առաջին տարում դառնալ հեղինակություն՝ այսպես ասած զոմբիացման փուլը ամբողջովին ու հաջողությամբ իրականացնելու համար, ինչը և ՔՊ-ն հին ու նոր մեթոդների կիրառմամբ արեց։ Այնուհետ պետք է գային Նիկոլ Փաշինյանի կողմից իրագործվող հիմնական գործառույթները։ Իրենց հիմնական գործառույթը պետք է լիներ պատերազմի սպասարկումը և իշխանության մնալը, ինչն իրագործեցին։ Դա, իհարկե, իրենց շնորհքը չէ. աշխատել է ամբողջ պետական ապարատը, ուժային կառույցները, որպեսզի սպասարկեն Նիկոլ Փաշինյնաի և նրա ուսապարկերի՝ իշխանության ղեկին մնալը։ Հիմա պետք է սպասարկեն մյուս փուլը՝ վերարտադրությունն ընտրությունների տեսքով։

Հաջորդը պետք է լիներ ամեն գնով իրենց ասած խաղաղության, բայց իրականում ստորացուցիչ պայմաններով ինչ-ինչ հարաբերությունների հաստատումն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Դրա գինը պետք է լիներ նաև Հայոց ցեղասպանության հիշողությունից ընկրկումը։ Ես այդ մասին զգուշացրել էի դեռ մի քանի տարի առաջ։ Առաջին զգուշացումը 2018 թվականին էր. հիշում եք՝ Արայիկ Հարությունյանի լկտի գործելաոճը, երբ ներխուժեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի աշխատասենյակ և սկանդալ հրահրեց։ Ես դեռ այն ժամանակ էի ասել՝ եթե սրանք ընդունակ են  Ծիծեռնակաբերդում իրենց այսպես պահել, ուրեմն առաջին հերթին հանձնելու են Արցախը։ Արցախը հանձնելուց հետո պետք է մյուս գործառույթն իրականացվեր՝ հարաբերությունների հաստատմանը խանգարող Ցեղասպանության հիշողության մարգինալացում, պատմական փաստի ժխտում։ Անցած տարի հունվարին, հիշում եք, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Սրանք թուրքական խոսույթներ են, որոնց դեմ տասնամյակներ շարունակ պայքարել ենք։ Դրանց դեմ պայքարել են նաև թուրք գիտնականներ:

Այսօր Նիկոլ Փաշինյանը գերադասում է շրջանառության մեջ դնել ադրբեջանաթուրքական պաշտոնական խոսույթը։ Սա պետական հանցագործություն է՝ պատժելի ՀՀ Սահմանադրությամբ և գործող օրենքներով։ Բայց քանի դեռ ամբողջ դատաիրավական համակարգը, ուժային կառույցները հանդիսանում են դրսից թելադրվող կառավարման կցորդներ, պետք է սպասենք վատթարագույնին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության դադարեցմանը։ Միգուցե վաղը պաշտոնական նամակներով նաև կդիմեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին՝ չեղյալ հայտարարելու այդ քայլը։

Պարո՛ն Դեմոյան, եթե մի պահ պատկերացնենք, որ միջազգային կառույցները տեղի են տալիս ադրբեջանական կողմի պահանջներին, և մարտի 1-ն ամրագրվում է որպես ադրբեջանցիների «ցեղասպանության» օր, որոնք պետք է լինեն հայկական կողմի քայլերը։

  -Ես պատկերացրեցի, որ այդ հարցը տալիս եք Ալեն Սիմոնյանին, և ինքը տժժում է։ Այդ նորությունից ինքը հաստատ կտժժա։ Կտժժա-կտժտժա, բայց հետևանքները հայ ժողովուրդն է քաշելու։

Ես մի բանում եմ վստահ, որ գալու է շատ դաժան պատժի և բաց հաշվեհարդարի օր, որովհետև այսպիսի ամոթալի պարտության ու սրբապղծության էջը չի կարող սրբագրվել այլ կերպ։ Որ լինելու է շատ դաժան հաշվեհարդար, դրանում կասկած չունեմ։

Leave a Comment