Վճարովի ցայտաղբյուրներ Երևանում՝ ի պաշտպանություն պինգվինների․ համաշխարհային մեդիայի ամենահաջողված կատակները

Այսօր ապրիլի 1-ն է՝ Ծիծաղի միջազգային օրը։ Սա այն եզակի օրն է, երբ լրատվամիջոցներն օրինական իրավունք են ստանում «խաբելու» իրենց լսարանին։ Ներկայացնում ենք պատմության ամենաաղմկահարույց մեդիա-խաբեությունները, որոնք ապացուցում են՝ երբեմն լավ մտածված կատակը նույնպես կարող է լինել համոզիչ


ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ապրիլի 1-ն է՝ Ծիծաղի միջազգային օրը։ Սա այն եզակի օրն է, երբ լրատվամիջոցներն օրինական իրավունք են ստանում «խաբելու» իրենց լսարանին՝ ստուգելով մարդկանց զգոնությունն ու հումորի զգացումը։ Տարիներ շարունակ ամենահեղինակավոր մեդիահարթակներն ապրիլի 1–ին մատուցել են անհավանական լուրեր, որոնք ընդունվել են որպես բացարձակ ճշմարտություն։


«Նովոստի-Արմենիա»-ն առանձնացրել է պատմության ամենաաղմկահարույց մեդիա-խաբեությունները, որոնք ապացուցում են՝ երբեմն լավ մտածված կատակը նույնպես կարող է լինել համոզիչ։


Հայաստան. «Վճարովի» ցայտաղբյուրներ և պինգվինների պաշտպանություն


2025թ․–ին Facebook-յան էջերից մեկը տարածել էր տեղեկատվություն, թե Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մինչև գարնան ավարտը աստիճանաբար ներդնել մետաղադրամով աշխատող համակարգ բոլոր ցայտաղբյուրների վրա։ Ըստ հրապարակման՝ փոփոխությունները պետք է սկսվեին քաղաքի կենտրոնից, իսկ սակագինը ենթադրվում էր 50-100 դրամ՝ 30 և 45 վայրկյան ջուր ստանալու համար։ Չնայած նյութի վերջում հստակ նշված էր, որ հավաքագրված գումարն ուղղվելու է «պինգվինների իրավունքների պաշտպանությանը», հարյուրավոր օգտատերեր, առանց տեքստը մինչև վերջ կարդալու, սկսել էին բուռն դժգոհություն հայտնել մեկնաբանություններում՝ քննարկելով նախագծի «իրատեսական» լինելը։


Ռուսաստան. մետրոյի բաց վագոններ


1990-ականների կեսերին «Московский комсомолец» (МК) թերթը հրապարակեց մի ծավալուն հոդված, որտեղ պնդում էր, թե Մոսկվայի մետրոպոլիտենի գծերից մեկում փորձարկվելու են բաց տանիքով վագոններ։ Հեղինակները լուրջ տեխնիկական հիմնավորումներով ներկայացնում էին, որ դա կօգնի լուծել թունելների օդափոխության հարցը և ուղևորների համար կապահովի թարմ օդ։ Որպեսզի լուրն ավելի հավաստի թվա, ուղևորներին խորհուրդ էր տրվում կրել հատուկ պաշտպանիչ ակնոցներ՝ արագության ժամանակ աչքերը փոշուց պաշտպանելու համար։ Հազարավոր մարդիկ հավատացել էին լուրին և զանգահարում էին խմբագրություն՝ ճշտելու այդ վագոնների երթուղին։


Մեծ Բրիտանիա. Սան Սերատե «ստորակետ» պետություն


1977 թվականի ապրիլի 1-ին բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը հրատարակեց հատուկ 7 էջանոց հոդված՝ նվիրված Հնդկական օվկիանոսում գտնվող Սան Սերատե կղզի-պետությանը։ Թերթը մանրամասն նկարագրում էր կղզու տնտեսությունը, տեսարժան վայրերը և նույնիսկ նախագահ Պիկայի կենսագրությունը։


Ըստ հոդվածի՝ կղզեխումբը բաղկացած էր երկու հիմնական կղզիներից, որոնք միասին հեռվից հիշեցնում էին ստորակետի պատկեր։ Չնայած կղզու անունն ու բոլոր տեղանունները տպագրական տերմիններ էին (օրինակ՝ Սանս Սերիֆը և Բոդոնին համակարգչային տառատեսակների անուններ են), հազարավոր ընթերցողներ հավատացին լուրին և զբոսաշրջային գործակալություններից պահանջում էին ուղեգրեր դեպի այդ «նորահայտ» էկզոտիկ կղզին։


Գերմանիա. ժամանակի փոփոխություն


1993 թվականին գերմանական ռադիոկայաններից մեկը հայտնեց, որ Գերմանիան անցնում է նոր ժամանակային համակարգի, որտեղ ժամը լինելու է ոչ թե 60, այլ 100 րոպե: Հաղորդավարը բացատրեց, որ դա արվում է եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու համար: Բազմաթիվ մարդիկ զանգում էին և հարցնում, թե ինչպես վարվել իրենց մեխանիկական ժամացույցների հետ և արդյոք իրենց աշխատանքային օրը դրա պատճառով երկարելու է:


ԱՄՆ.Taco Liberty Bell


1996 թվականին Taco Bell ամերիկյան ընկերությունը, որին պատկանում են արագ սննդի ցանցեր, հայտարարեց, որ գնել է ԱՄՆ-ի պատմական խորհրդանիշներից մեկը՝ Ֆիլադելֆիայում գտնվող «Ազատության զանգը» (Liberty Bell), և այն վերանվանել «Taco Liberty Bell»: Հազարավոր զայրացած քաղաքացիներ զանգահարեցին Ազգային պարկերի ծառայություն՝ բողոքելով պետական մասունքի վաճառքի դեմ: Իրավիճակն այնքան լուրջ էր, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարը ստիպված էր կատակով պատասխանել, թե կառավարությունը պատրաստվում է վաճառել նաև Լինքոլնի հուշահամալիրը, որն այսուհետ կոչվելու է «Ford Lincoln Mercury Memorial»:


Նորվեգիա. անվճար գինի


1950 թվականին նորվեգական խոշորագույն թերթերից մեկը հայտնեց, որ գինու խանութների ցանցը մեծ քանակությամբ գինի է ստացել, սակայն շշերի պակաս ունի: Հայտարարվեց, որ բոլոր ցանկացողները կարող են գալ իրենց դույլերով ու սպասքով և անվճար ստանալ գինի: Հազարավոր մարդիկ հերթ էին կանգնել խանութների մոտ՝ ձեռքերին ունենալով կաթսաներ, սափորներ և դույլեր, մինչև պարզ դարձավ, որ դա ընդամենը ապրիլմեկյան կատակ է։

Leave a Comment