Հայաստանն ու Իրանը դարերի խորքից եկող դիվանագիտական հարաբերություններով միավորված հարևաններ են, որոնց կապը հենված է ժամանակի փորձությանը դիմացած ընդհանուր արժեքների և անվիճելի փոխվստահության վրա։ Այս հարաբերությունները միշտ ձևավորվել են որպես կայուն ու հաստատուն կամուրջ՝ անցյալից դեպի ներկա և ապագա։
Իրանում ՀՀ երկրորդ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հայ-իրանական հարաբերությունները լավ է պատկերացում ՝ և՛ կրթության, և՛ մասնագիտության և՛ սիրո ուժով։ Այժմ յուրաքանչյուրի մասին՝ հերթով։
***
-Ստացել եմ փայլուն կրթություն։ Ես սովորել եմ սկզբից Հովհաննես Թումանյանի, ապա Ղազարոս Աղայանի, վերջում՝ Նադեժդա Կրուպսկայայի՝ այժմ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը։ Անկեղծ ասած՝ քանի որ ավագ եղբայրս աստղագետ է, մեծ ճնշումների ենթարկվեցի, որպեսզի գնամ սովորելու Պոլիտեխնիկական ինստիտուտում, բայց իմ նախասիրությունները հումանիտար ուղղության էին՝ պատմություն, լեզու։ Եվ այդ ժամանակ ինձ բախտ վիճակվեց ընդունվել Արևելագիտության ֆակուլտետ, (դա առաջին տարին էր, որովհետև մինչ այդ եղել էր Բանասիրական ֆակուլտետի բաժին), իսկ մենք եղանք այդ ֆակուլտետի առաջին ուսանողները՝ 1968 թվականին։
Արևելագիտության ֆակուլտետի առաջին շրջանավարտները շուտով դարձան Հայաստանի Երրորդ Հանրապետության կայացման համար անհրաժեշտ մտավոր ու մասնագիտական ուժի մի մասը՝ իրենց գիտելիքով և նվիրումով մասնակցելով նոր պետության կառուցմանը։
Նրանց թվում էր նաև Գեղամ Ղարիբջանյանը, որն իր առաջին քայլերն արեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ որպես ավագ խորհրդական։
Բայց եկեք պատմության այս հատվածում բաց թողնենք մասնագիտականն ու անցնենք անձնականին, մանավանդ որ այնտեղ մարգարեական դրվագներ կան։ Եվ այսպես 1981թ․, նորապսակ զույգ։
-Երբ գնացինք դիմում գրելու ապագա տիկնոջս հետ, որն ավելի քան 25 տարի Հայաստանի պարի պետականի մենապարուհի է եղել՝ Աիդա Ղարիբջանյանը։ Դիմում գրելուց տեսա, որ նա մտահոգ է, հարցրի՝ այդ ինչի՞ մասին ես մտածում, ասաց՝ մտածում եմ ազգանունս փոխեմ, թե՝ ոչ։ Ես ընդվզեցի, բայց հետո ասացի՝ դիվանագիտորեն մոտենամ, նրան ասացի՝ Աիդա, կարող է պատահի, որ մի օր քո ապագա ամուսինը դեսպան դառնա։ Ո՞նց կլինի, դու ուրիշ ազգանուն, ես ուրիշ ազգանուն։ Եվ հետաքրքիր է, որ 98 թ․-ին իմ ասածներն իրականություն դարձան։
***
Գեղամ Ղարիբջանյանի կենսագրությունը բացառիկ է նրանով, որ նա Իրանում ապրել և գործել է և՛ շահի իշխանության տարիներին, և՛ հեղափոխության բուռն օրերին, և՛ դրանից հետո ձևավորված նոր իրականության պայմաններում։ Այժմ բոլոր ժամանակների մասին հերթով։
1978 թվականին Գեղամ Ղարիբջանյանը մեկնում է Իրան՝ դեռևս ոչ թե դեսպանի, այլ թարգմանչի համեստ, սակայն պատասխանատու կարգավիճակով։

-Ասեմ, որ հեղափոխությունից առաջ Թեհրանի մի շարք թաղամասեր հիշեցնում էին մեր Հյուսիսային պողոտան, որտեղ մեծահարուստներն էին, նույնն էլ Իրանում էլ ժողովրդի մի մասը սահմանափակ էր ապրում, մյուս մասը ապրում էր հավատով, ոգևորված այդ օրերով։
Այդ ժամանակ դեռևս աշխարհիկ կյանքով ապրող Իրանի փողոցներում ում ասես, որ չէիր հանդիպի։
-Շահի ժամանակ ես հիշում եմ, որ Սովետական դեսպանության առջև մի անգամ գետնին նստած մորուքով մեկին տեսա, որը քարը վերցրել էր, կոշիկը հանել էր և խփում էր կոշիկի ներսին՝ երևի մեխ կար։ Ես նայում եմ, ասում եմ՝ այս մարդու դեմքը շատ է ծանոթ։ Հետո կենտրոնացա, հարցնում եմ, ասում եմ՝ Դեմիս Ռուսուս, ասում է՝ Yes։ Այսինքն՝ շահը ամեն հինգշաբթի աշխարհի տարբեր երկրներից աստղերի էր հրավիրում պալատ, և ամբողջ բոմոնդը ներկա էր լինում։ Ի վերջո երկու սերունդ Փեհլևիները իշխել էին այդ երկրում և մի մասի մոտ վերաբերմունքը շատ ընդգծված էր, մյուս մասի մոտ էլ դե 15 տարի Այաթոլլահ Խոմեյնին աքսորի մեջ էր եղել Իրաքում, հետո տեղափոխվել էր Ֆրանսիա, հետո էլ հատուկ Ֆրանսիայի օդանավով ժամանեց Իրան, արդեն հաղթանակած, և 4 միլիոն ժողովուրդ, ես եմ դա տեսել, 4 միլիոն ժողովուրդ փողոցում դիմավորեց նրան, և մինչև իր մահը, սրբի նման մեծարեց։
Ընդհանրապես, իսլամական աշխարհում առաջնորդի նկատմամբ վերաբերմունքը առանձնահատուկ ընդգծված է․ դա ոչ միայն քաղաքական, այլև խորապես մշակութային ու արժեքային ընկալում է։ Նույնիսկ առածներում է արտացոլվում այս գաղափարը՝ առաջնորդը պետք է լինի մեկը՝ որպես միասնականության խորհրդանիշ։ Հենց այս ընկալումն էլ Իրանի քաղաքական միջավայրին հաղորդում է իր յուրահատուկ և ինքնատիպ երանգը։
Սակայն երբ այդ միասնականության հիմքում ընկած հավասարակշռությունը խախտվում է, երբ առաջնորդի և հասարակության միջև կապը թուլանում է կամ կորցնում իր ներդաշնակությունը, արդյունքում փողոց է դուրս գալիս նորին մեծություն հեղափոխությունը։
-8,9 ամիս Իրանում որևէ անհանգստություն չկար հեղափոխության, փոփոխությունների, և միայն առաջին անգամ դա զգացինք, երբ Սանանդաջ քաղաքում էի և մարզադաշտում գոռում էին «Մահ շահին»։ Մինչ այդ Թեհրանում, Քերմանշահում, որտեղ 2-ից ավելի տարի աշխատեցի, նման զգացումներ չկար։ Եվ ասեմ՝ հավատը, հավատը, հավատը, որն այսօր պակասում է մեզ, ես զգացի առաջին հերթին հենց հեղափոխության նախաշեմին, և պիտի անկեղծ ասեմ, որ Շահական Իրանը արտաքինից շատ տպավորիչ տերություն էր, և ինչպես ժամանակին Բեյրութն էին համարում մարգարիտ, այնպես էլ Թեհրանն էին համարում և փորձում էին ամբողջովին հետևել Արևմուտքի մշակույթին, և ամենակարևորը՝ ժողովուրդը շարունակեց գնալ հավատի հետևից։
***
Իրանի պատմության այս ամենաբախտորոշ ժամանակ հանգամանքները փոխվեցին, և Գեղամ Ղարիբջանայանը վերադարձավ հայրենիք։ Բայց քանի որ այս պատմության հենց սկզբում մարգարեությունը իրական դառնալու հավանականություն ուներ, ուստի հուշեմ իրադարձությունների շարունակությունը՝ Գեղամ Ղարիբջանյանը ճիշտ էր՝ կինը պետք է կրեր իր ազգանունը, իսկ ինքն էլ դառնալու էր Իրանում ՀՀ դեսպան։

— 6 տարուց ավելի եղել եմ դեսպան, հիմա կարոտով եմ հիշում, որովհետև թեպետ մի քանի երկրներում եմ եղել՝ Կատարի պետությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, բայց Իրանն առանձնանում էր՝ կայսրություն լինելով, հատկապես երիտասարդական տարիների հիշողություններով, հայ համայնքով։ Մենք այնտեղ հոյակապ հայ համայնք ունենք։ Քանի որ Սովետական Միության տարիներին Իրանի հետ մեր սահմանը անցնում էր ոչ թե Արաքս գետով, այլ Մոսկվայով, և մենք չէինք տեսել այդ համայնքը, չգիտեինք, որ նույն արևելահայերն են՝ ինքնապահպանման բնազդով, և ստեղծել են այնպիսի կառույցներ, որ նույնիսկ Երևանում այն տարիներին չկային, ասենք՝ Արարատ մարզավանը կամ մշակութային կենտրոնները։
Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների համար Իրանն առանձնահատուկ տեղ է զբաղեցրել՝ թե՛ որպես հարևան երկիր, թե՛ որպես ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր, իսկ Իրանի հետ սահմանը մշտապես եղել է ամենակարևորներից մեկը։
Յուրաքանչյուր նախագահ իր ժամանակաշրջանին բնորոշ օրակարգն ու առաջնահերթություններն է ձևավորել՝ դրանցով նաև ուղղություն տալով դիվանագիտական առաքելությանը և սահմանելով դեսպանի գործունեության շրջանակը։
-Գնացի հրաժեշտ տամ նախագահ Քոչարյանին։ Երկար զրույց ունեցանք, իմ առջև 3 խնդիր դրեց՝ առաջինը գազատարը՝ Իրան-Հայաստան, երկրորդը՝ Քաջարանի թունելը, երրորդը՝ բարձրավոլտ էլեկտրական ցանցեր, և ամենակարևորը, ասաց՝ դու պիտի ամեն ինչ անես, որ մեր հարաբերությունները երկու երկրների մի քանի աստիճան բարձրանան, հպարտությամբ ասեմ, որ էլեկտրոցանցերը բարձրավոլտ և գազատարը, որ ես համարում եմ եզակի պատմական երևույթ, հաջողվեց անել։
Երբեմն նախագահի և դեսպանի զրույցները մնում են ետնաբեմում՝ հեռու հանրային ուշադրությունից։ Սակայն ժամանակի անցումը բացում է այդ բեմի փակ վարագույրը՝ մեզ հնարավորություն տալով ծանոթանալու դրանց երբեմն հումորային բովանդակությանը։
-Երբ ավարտեցինք, ես ասացի, որ պարոն նախագահ, հանգիստ եղեք, ես իմ հնարավորությունների սահմաններում առավելագույնը կանեմ, բայց կատակի ձևով ասեմ, որ երբ դուրս էի գալիս, ասացի, պարոն նախագահ, մի անձնական խնդրանք ունեմ։ Ի դեպ ասեմ՝ ոչ մի նախագահ անձնական խնդրանքներ չի սիրում, երկիրը կապ չունի։ Շատ լարված նայեց ինձ, ասաց՝ լսում եմ, ասացի՝ եթե գնամ Իրան, հետս մի բան պատահի, Պուշկինի լեռնանցքը Ղարիբջանյան կկոչեք։