Եթե ոմանք կեղծիք են ներշնչել, ապա դրանում ոչ Գորբաչովն է մեղավոր, ոչ՝ Ելցինը, ոչ՝ Պուտինը. Աթանեսյան

Եթե ոմանք կեղծիք են ներշնչել, ապա դրանում ոչ Գորբաչովն է մեղավոր, ոչ՝ Ելցինը, ոչ՝ Պուտինը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«1988-ին մենք, որ դեռ երեսուն տարեկան էլ չէինք, կարող էինք ռոմանտիկ լինել և հավատալ, որ Գորբաչովի «պերեստրայկայի» և «գլասնոստի» քաղաքականության «ծիրեն ներս» հնարավոր է հասնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի միավորմանը: 

Նորերը չեն հիշի, ավագները չեն վկայակոչի, բայց մոտ քառասուն տարի է, տպավորված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդում հարցի քննարկմանը Գորբաչովի պահվածքը: Եթե հիշողությունս չի դավաճանում, ԵրՊՀ ռեկտոր Համբարձումյանի ելույթի ժամանակ էր, որ նա ընդհատեց ակադեմիկոսին և թունավոր հարց տվեց. «Իսկ կարո՞ղ եք ասել, թե ադրբեջանցիները Երեւանի բնակչության որ տոկոսն էին կազմում 1914թ.»: 

Դրանով ամեն ինչ ասված էր: Ինչու՞ հիշեցի: Երկրորդ նախագահի քարոզչական թիմը մի տեսանյութ է հրապարակել, որ ռուսաստանցի լրագրող Կարաուլովին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հատված է: Դատելով բովանդակությունից, այն կայացել է ղարաբաղյան առաջին պատերազմից հետո առաջին ամիսներին կամ տարում: Եւ ի՞նչ է նա հարցնում. «Ռոբերտ Սեդրակովիչ, դուք ձեզ օկուպանտ զգու՞մ եք»: 

ԼՂ հարցում ԽՍՀՄ, ապա՝ անկախ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը միշտ անկեղծ է եղել: Եւ եթե ոմանք Երեւանում և Ստեփանակերտում իշխանություն ունենալու մոլուցքի մեջ նրա անունից հանրությանը կեղծիք են ներշնչել, ապա դրանում ոչ Գորբաչովն է մեղավոր, ոչ՝ Ելցինը, ոչ՝ Պուտինը: Մեղավոր են կեղծիքի հեղինակները»:

Leave a Comment