1 ապրիլի 2026 – 14:25 AMT
PanARMENIAN.Net – Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից Միքայել և Դավիթ Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը թյուրիմացություն է անվանել իր տղաների հետ պատահածը:
«Սա թյուրիմացություն է, որ իմ երեխաների հետ եղել է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նրա խոսքով՝ որդիներն ամեն կիրակի մասնակցում են եկեղեցու պատարագին, ավարտել են դպրոցը գերազանցությամբ և ներկայում պատրաստվում են բուհ ընդունվելուն։
Մայրը նշել է նաև, որ երեխաներն ունեն առողջական տարբեր խնդիրներ։
«Ես խնդրում եմ, որ անաչառ քննություն իրականացվի։ Երեկ բաց նամակ եմ հրապարկել, տվեք ինձ հնարավորություն, որ ես խնամք տանեմ նրանց նկատմամբ տան պայմաններում՝ նաև որպես բժիշկ։ Կասկած ունեմ, որ Միքայելի մոտ էլ թոքաբորբ է»,-ասել է Մինասյանը։
Նա ընդգծել է, որ, հնարավոր է, դա համեստ չհնչի, սակայն իր որդիները կիրթ և դաստիարակված երիտասարդներ են, ինչը կարող են հաստատել նրանց ճանաչողները։ Մինասյանը նաև նշել է, որ այդ օրը չի հասցրել հանդիպել Դավիթի հետ և փոխանցել անհրաժեշտ իրերը։
«Կադրերում ամեն բան կա, հրում են, ինքն ընկնում է, վեր է կենում։ Երեխա է, հրմշտոցի մեջ երևի … չգիտեմ, բոլոր կադրերը կան, թող անաչառ քննություն իրականացվի»,-ասել է նա։
Նա կրկին շեշտել է, որ իր որդիները որևէ քաղաքական ուժի կամ գործչի հետ կապ չեն ունեցել։
18-ամյա Դավիթ Մինասյանին երկու ամսով կալանավորելու որոշումից հետո նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասել է, որ մեղադրանքներն իրականության հետ ընդհանրապես աղերս չունեն։
«Մենք հիմա մի պրոցեսի մեջ ենք, որը մեր երկրին լավ տեղ չի տանելու»,- նշել է նա լրագրողների հետ զրույցում։
Փաստաբանը ընդգծել է, որ Դավիթ Մինասյանը 12-րդ դասարանի աշակերտ է, չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և դպրոցում աչքի է ընկել իր առաջադիմությամբ։
«Դավիթին այսօր զրկեցին միջնակարգ դպրոցը ավարտելու հնարավորությունից։ Երկու ամիս հետո վերջին զանգ է լինելու բոլորի համար, Դավիթի համար չի լինելու, ո՞ւմ խղճին է մնացել սա»,- հայտարարել է Մելքոնյանը։
Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում: Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աղմկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից»:
Դեպքի առնչությամբ երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այդ թվում՝ Դավիթի երկվորյակ եղբոր՝ Միքայել Մինասյանի նկատմամբ։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ չբացակայելու մասին ստորագրություն։