Պուտինը և Փաշինյանն այսօր բանակցությունների ընթացքում անհատական քննարկում կունենան․ Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր բանակցությունների ընթացքում անհատական քննարկում կունենան, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ չորեքշաբթի օրը կկայանան ռուս-հայական բանակցություններ, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարցեր և Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը։

«Այնուհետև երկու առաջնորդները կշարունակեն իրենց անձնական քննարկումներն աշխատանքային նախաճաշի ժամանակ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

ՀՀ կառավարությունը մարտի 31-ին հայտնել էր, որ ապրիլի 1-ին Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետի հանդիպումը Պուտինի հետ:

Leave a Comment