ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն  անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ 2026թ. մարտի 31-ի հայտարարությանը

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մասին


ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլ․/ԱՌԿԱ/․ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ 2026թ. մարտի 31-ի հայտարարությանը։


Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։


Անի Բադալյանի խոսքով՝ տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական և ոչ հավաստի նարատիվներ, որոնք Ադրբեջանում դեռևս շարունակվում են կիրառվել պետական մակարդակով:


«Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը»,- նշել է խոսնակը:


ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել։ Մասնավորապես, 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետը հստակ սահմանում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու անհրաժեշտությունը։


Ըստ հռչակագրի՝ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո կողմերը պետք է հնարավորություն ստեղծեն երկու ժողովուրդների համար բարիդրացիական հարաբերություններ սկսելու համար:

Leave a Comment