Թրամփը լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն քննարկում է ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը՝ Հյուսիսատլանտյան դաշինքը որակելով «թղթե վագր», տեղեկացնում է The Telegraph-ը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ նման որոշման պատճառ կարող է դառնալ այն, որ դաշինքը չի աջակցել ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմում։ 

«Սա մինչ այժմ ամենանշանակալի քայլն է, որով Սպիտակ տունը հասկացնում է՝ այլևս Եվրոպային հուսալի պաշտպանական գործընկեր չի համարում, երբ դաշնակիցները մերժել էին Թրամփի պահանջը՝ ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցը բացելու համար»,- գրում է կայքը։

Թրամփին հարցրել են, թե արդյոք նա կվերանայի՞ ԱՄՆ-ի անդամակցությունը դաշինքին հակամարտությունից հետո։

«Օ՜, այո, ես կասեի, որ դա բանակցելի չէ։ ՆԱՏՕ-ն երբեք չի համոզել ինձ։ Ես միշտ գիտեի, որ այն թղթե վագր է, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի դեպ, նույնպես գիտի դա»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

Leave a Comment