Թրամփ. ԱՄՆ-ը հասել է Իրանի հետ հակամարտության իր նպատակին և նախատեսում է այն ավարտել 2-3 շաբաթից

ԱՄՆ նախագահն Իրանի հետ հակամարտության ավարտի ժամկետ է նշել

Թրամփ. ԱՄՆ-ը հասել է Իրանի հետ հակամարտության իր նպատակին և նախատեսում է այն ավարտել 2-3 շաբաթից


ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հասել է Իրանի հետ հակամարտության իր նպատակին և նախատեսում է ավարտել այն առաջիկա երկու կամ երեք շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է Interfax-ը։


«Ես կասեի՝ երկու շաբաթվա ընթացքում, (…) գուցե երեք», – Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը:


ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը դեռևս հնարավորություն ունի այդ ժամանակահատվածում համաձայնության գալ Վաշինգտոնի հետ։


«Հնարավոր է՝ մենք գործարք կնքենք, որովհետև նրանք ցանկանում են գործարք կնքել: (…) Բայց բավականին կարճ ժամանակ անց մենք կավարտենք», – հավելել է նա:


Անդրադառնալով հակամարտության արդյունքներին՝ Թրամփը շեշտել է, որ իր հիմնական խնդիրը լուծված է. «Տեղի է ունեցել վարչակարգի փոփոխություն: Վարչակարգի փոփոխությունն իմ նպատակների թվում չէր: Ես ունեի մեկ նպատակ՝ նրանք չեն ունենալու միջուկային զենք, և այդ նպատակին հասել ենք: Նրանք միջուկային զենք չեն ունենա»:


Բացի այդ, նախագահն ընդգծել է, որ այլ երկրներն իրենք պետք է որոշեն Հորմուզի նեղուցում նավագնացության ապագայի հարցը:


«Ի՞նչ կլինի նեղուցի հետ: Մենք չենք պատրաստվում որևէ առնչություն ունենալ դրա հետ (…) Մենք դա անելու պատճառներ չունենք», – եզրափակել է ԱՄՆ նախագահը:


Leave a Comment