Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մարտի 31-ի հայտարարությունը, որում ասվում էր, որ 1918 թվականին «հայկական խմբավորումներն» սպանություններ են իրականացրել ադրբեջանցիների դեմ:
«Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով», – «Արմենպրես»-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Երևանից հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը՝ հռչակագրում նշելով «թշնամանքի էջը փակելու» և բարիդրացիական հարաբերությունների անցնելու հնարավորությունը։
