Սպորտի միջազգային օրը Երևանում կնշվի լայնամասշտաբ միջոցառումներով. մայրաքաղաքի կենտրոնը կդառնա մարզական հարթակ

Ապրիլի 6-ին Երևանի կենտրոնում կիրականացվի լայնամասշտաբ մարզական միջոցառում՝ նվիրված Սպորտի միջազգային օրվան հանուն խաղաղության և զարգացման


ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 6-ին Երևանի կենտրոնում կիրականացվի լայնամասշտաբ մարզական միջոցառում՝ նվիրված Սպորտի միջազգային օրվան հանուն խաղաղության և զարգացման:


«Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը և Women of Armenia Network-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ներկայացրել են միջոցառումների մանրամասները։


Տոնակատարության շրջանակում կստեղծվի միասնական հարթակ, որտեղ կներկայացվեն սպորտի տարբեր ձևեր ու ոճեր: Ծրագրում ներառված են ինչպես ավանդական, այնպես էլ ոչ այնքան տարածված մարզաձևեր, այդ թվում՝ ֆուտբոլ և մինի-ֆուտբոլ, բասկետբոլ, պետանկ, սքեյթբորդինգ, ավտոսպորտ։


Ապրիլի 7-ին նախատեսվում է նաև պանելային քննարկում, որի հիմնական թեման լինելու է սպորտի կարևորությունը և կանանց ներգրավվածությունը սպորտում:


«Թեմայի բուն կարևորությունը լինելու է կանանց ներգրավվածությունը սպորտում, քանի որ դա շատ կարևոր է։ Մեր կանայք թե՛ ֆիզիկապես են բավականին ուժեղ, թե՛ հոգեպես և թե՛ մտավոր առումով, ուստի շատ կարևոր է կանանց ներգրավվածությունը»,- նշել է Նազիկ Ավդալյանը։


Նշվում է, որ բացի մարզիկներից, միջոցառմանը կարող են մասնակցել նաև երեխաները՝ ծանոթանալու տարբեր ձևերին, իսկ տեղում գտնվող մասնագետները կսովորեցնեն նրանց։


«Հենց նպատակը դա է, որպեսզի անցնողները կարողանան մասնակցել և ներգրավվել տոնի մեջ»,- ասել է Մովսիսյանը։


Միջոցառումը կմեկնարկի ժամը 12:00-ին և կշարունակվի մինչև 19:00-ն: Ֆեդերացիաները կներկայանան Հյուսիսային պողոտայում, իսկ հիմնական գործողությունները կծավալվեն Հանրապետության հրապարակում: Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

Leave a Comment