Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արմեն Մելքոնյանն ասաց, թե կալանքի վերաբերյալ դատարանի հիմնավորումները դեռ չեն ստացել։
«Գտնում են, որ 12-րդ դասարանի աշակերտը պետք է կալանքի տակ գտնվի, բայց առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մի շարք անձինք կարող են վարչական հսկողության տակ գտնվել։ Ոչ մի բան հաշվի չառավ դատավորը»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե անպայման բողոքարկելու են որոշումը։
Լրագրողի հարցին՝ փաստաբանն ի՞նչ է կարծում, որոշումը դատավո՞րն է կայացրել, թե՞ Նիկոլ Փաշինյանը, Մելքոնյանը պատասխանեց.
«Ես քաղաքական գնահատականներից զերծ կմնամ, թող հանրությունը գնահատական տա»։
Փաստաբանն ասաց, թե այսօր դատարանն իր որոշմամբ Դավիթին զրկեց դպրոցն ավարտելու հնարավորությունից.
«Երկու ամիս հետո վերջին զանգ է լինելու բոլորի համար, Դավիթի համար՝ ոչ։ Ո՞ւմ խղճին է սա»։