Անգլիացիներն ուզում են անցնել հեռավար աշխատանքի •

Մեծ Բրիտանիայում պետական ծառայողները պահանջել են իշխանություններից՝ թույլատրել իրենց անցնել հեռավար աշխատանքի՝ Մերձավոր-Արեւելյան ներկա էսկալացիայի հետեւանքով առաջացած թանկացումների պատճառով։

Այս մասին հայտնում է The Daily Telegraph պարբերականը՝ վկայակոչելով Պետական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցողների արհմիությանը (Public and Commercial Services Union, PCS)։

Կազմակերպությունը պահանջել է չեղարկել այն կանոնը, ըստ որի՝ պետական ծառայողը կամ մասնավոր սեկտորում պետական պայմանագրի շրջանակում ծառայողը պետք է շաբաթական գոնե երեք անգամ աշխատանքի ներկայանա գրասենյակ։

Արհմիությունից հայտնել են, որ ներկայիս էսկալացիան Մերձավոր Արեւելքում թանկացրել է կյանքը եւ շատ պետական ծառայողներ, որոնք առանց այն էլ դժվարությամբ են կարողանում «ծայրը ծայրին հասցնել», լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել։ Արդեն 20 տոկոսով թանկացել է էլեկտրաէներգիան։

Սպասվում է, որ թանկացումներ կլինեն թե տրանսպորտի ոլորտում, թե կթանկանա նաեւ սննդամթերքը։ Պարբերականը գրում է, որ Լեյբորիստական կուսակցությունում սակայն հակված չեն վերադառնալու կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ հաստատված հեռավար աշխատանքի գրաֆիկին։

Leave a Comment