Փորձում են խանգարել ինձ, բայց դա իրենց չի հաջողվելու •

Գրող, սցենարիստ, ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ողորմելի հանրային հեռուստաընկերությունը, որն արդեն հինգուկես տարի բանտել ու չի ցուցադրում իմ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը, դատարանով բացառեց դրա ցուցադրության որեւէ ձեւաչափ, այդ թվում՝ դահլիճային դիտումները։

Որքան պետք է ատես սեփական երկրիդ պատմությունն ու ձեռքբերումները, որ գնաս նման մանր քայլի։ Երբ ասում եմ՝ հանրային հեռուստաընկերություն, իհարկե՝ նկատի չունեմ մանրապճեղ չինովնիկներին, ահարկու ատիչը նրանց վերեւում է, ահարկու ատիչը նա է, ով պատմություն, սրբություն, արժեք է ասպատակում արդեն բավական երկար (անտանելի երկար) ժամանակ։ Այսուհանդերձ, հուսահատ չեմ։ Ապրածս կյանքն ու ժամանակն ինձ սովորեցրել են, որ մանրապճեղները, նաեւ՝ խոշոր եղջյուրավորները հասնում են վախճանի նշանակված վայրին… ֆիլմը շուտով եթեր է գնալու, երբ մենք ձեզ հետ նշանակված վայր ուղարկած կլինենք մանրախնդիր ու կեղծապաշտ իշխանություններին։ Այս պատմության մեջ մի բան կարող էր ինձ վրդովեցնել։ Այն, որ դատարանի վճիռը պարտավորեցնում է վճարել 40000 դրամ։ Բայց, ասեմ, ես դրան հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ մանկուց ինձ սովորեցրել են ողորմած լինել։

Ուրեմն՝ համարում եմ, որ 40000 դրամ մուծելով, ես ողորմություն եմ տալիս Արա Շիրինյանին (ՀՀԽ նախկին նախագահ), Վասակ Դարբինյանին (ՀՀԽ ներկա նախագահ), Արամազդ Ղալամքարյանին (Ջրային կոմիտեի նախագահ), Դավիթ Կարապետյանին (ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար)… Ու վերջում հաստատ ձեզ հետաքրքրում է, թե ինչ եմ անելու հետո։ Ասեմ, թող պինդ բռնվեն ողորմելիները, ինչպես նախկինում, ապագայում եւս ցուցադրելու եմ՝ ամենատարբեր ձեւաչափերով։ Թող բանուգործ թողած՝ հետեւեն ու կրկին հայցեր ներկայացնեն, ես պատրաստ եմ նոր ողորմություններ բաշխելու»։

Հրապարակ թերթը զրուցել է Տիգրան Պասկեւիչյանի հետ:

– «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը փաստացի արգելել են ցուցադրել անգամ փոքր դահլիճներում: Գուցե ֆիլմում ադրբեջանցիների հասցեին քննադատական խոսք կա, դրանի՞ց են ցնցումների մեջ ընկել հայտնի շրջանակները, որոնք այժմ արդեն նաեւ ֆիլմերի գրաքննությամբ են զբաղվում:

– Ադրբեջանին ուղղված որեւէ քննադատական խոսք չկա: Այն կոչվում է «Անկախության մեր ճանապարհը» եւ պատմում է 1988 թվականից մինչեւ 1991-ի սեպտեմբերի 21-ը քաղաքական իրադարձությունների մասին: Ֆիլմում ներկայացվում են այն բոլոր քայլերը, որոնք Հայաստանն արել է եւ քայլել է դեպի մինչեւ անկախություն: Որեւէ խոսք չկա ադրբեջանցիների մասին, սակայն խոսվում է, օրինակ, Ղարաբաղի հարցի մասին: Ղարաբաղյան շարժման մասին ֆիլմում բա ուրիշ ինչի՞ մասին պետք է խոսվեր: Պարզ է, որ պետք է խոսվեր հենց Լեռնային Ղարաբաղի մասին:

– Այսինքն` արգելքի պատճառն այն է, որ ֆիլմը Ղարաբաղի մասին է: Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց` Արցախի մասին խոսելը նշանակում է պատերազմի կոչ անել եւ հրահրել….

– Ֆիլմն արգելում են ցուցադրել որեւէ այլ տեղում: 2020 թվականից ես այն վերջացրել եւ հանձնել եմ Հանրային հեռուստաընկերությանը: Այն նկարել եմ հենց իրենց պատվերով, իրենք վճարել են ֆիլմի համար: 2020 թվականի դեկտեմբերից մինչ այս պահը ֆիլմը չի ցուցադրվել, որեւէ տեղ այն չեն տեղադրել: Հետո «Առավոտ» օրաթերթում ինչ-որ հոդված են տեսել, որ ես ՄԱԿ-ի գրասենյակում ցուցադրություն եմ արել երիտասարդների համար, եւ դրա հիման վրա պնդում են, որ ես պայմանագրի խախտում եմ թույլ տվել: Դիմել են դատարան, ինձ ասում են` իրավունք չունեի այն որեւէ տեղ ցուցադրելու, ես էլ ասում եմ` ես ոչ միայն այդ մեկ օրն եմ ֆիլմը ցուցադրել, այլեւ դրանից առաջ` շատ անգամներ: Դա իմ հեղինակային իրավունքն է, եւ ես ունեմ դրա իրավունքը առնվազն` փոքր տարածքներում: Դիմեցին դատարան, եւ դատարանը, բնականաբար, ի՞նչ պետք է աներ` Հայաստանի նման երկրում, որտեղ չկա անկախ դատական համակարգ…. վճռեց, որ ինձ արգելում են անգամ փոքր դահլիճներում այն ցուցադրել:

– Դեմոկրատական երկրում ո՞վ եւ ի՞նչ իրավունք ունի արգելել ռեժիսորին՝ ֆիլմ ցուցադրել:

– Իրենք վճարել են եւ համարում են, որ դա իրենց սեփականությունն է: Ֆիլմին մոտենում են որպես գույքի, իրենց համար դա ֆիլմ չէ, օրինակ` կահույք է, կենցաղային տեխնիկա է, աթոռ է…. ես աթոռ եմ արտադրել իրենց համար, երեւի, իրենք էլ ասում են` դա մեր աթոռն է:

– Որքա՞ն գումար են վճարել ֆիլմի համար:

– 4 մլն 240 հազար դրամ գումարի մասին է խոսքը:

– Այժմ, ենթադրենք, եթե Դուք ցանկանաք այդ գումարը վերադարձնել իրենց, չե՞ք կարող ֆիլմի հեղինակային իրավունքը ստանալ:

– Արել ենք նման առաջարկ` բանավոր, սակայն իրենց կողմից դա չի ընդունվել: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Հ1-ի գործադիր տնօրենին տեղեկացրել է, որ մենք պատրաստ ենք վճարել այդ գումարը եւ հետ վերցնել ֆիլմը, սակայն նշել են, որ կմտածեն, ու այդպես էլ ոչ մի պատասխան մինչ օրս չեն տվել: Առհասարակ, ես էլ եմ դիմել տարբեր առաջարկներով` գրավոր եղանակով, սակայն չեն արձագանքել: Նրանք չունեն որեւէ խելամիտ պատճառաբանություն, թե ինչու այդ ֆիլմը չեն ցուցադրում:

– Ի վերջո` ինչո՞ւ ցույց չեն տալիս, ես իմ կարծիքն ասացի` հավանաբար, Ղարաբաղի մասին է, սակայն Դուք չասացիք:

– Ցույց չեն տալիս, որովհետեւ այս երկրում միայն մեկ հոգի է որոշում, թե պատմությունը որտեղից է սկսվում, դրա համար էլ բոլորն այդ մեկին են ենթարկվում:

– Իսկ 40 հազար դրամ դատական ծախսերը պատրաստվո՞ւմ եք վճարել:

– Դատական ծախսեր են դրանք, ես պարտվել եմ, պետք է փոխհատուցման ծախսերը վճարեմ:

– Չե՞ք պատրաստվում դատարանի որոշումը բողոքարկել:

– Ես չեմ բողոքարկի, քանի որ չեմ հավատում Հայաստանի դատական անկախությանը, իմաստ չեմ տեսնում:

– Գուցե բանը հասնի նրան, որ Եվրոպական դատարա՞ն դիմեք:

– Դրա համար պետք է այստեղ բոլոր ատյաններով անցնեմ, իսկ ես դա չեմ ցանկանում: Ասեմ Ձեզ, որ անգամ սովետական տարիներին չկար նման բան: Այն տարիներին, երբ, օրինակ, արգելում էին ինչ-որ ֆիլմ ցուցադրել, արգելում էին միայն մեծ դահլիճներում, բայց, օրինակ, Երեւանում կար Ճարտարապետների միության դահլիճ, որտեղ արգելված ֆիլմեր էին ցուցադրում: Այսօր Հայաստանում նույնիսկ դա հնարավոր չէ: Նրանք մինչեւ վերջ փորձում են խանգարել ինձ, բայց դա իրենց չի հաջողվելու:

– Իսկ եթե ցանկանաք կրկին նույն ֆիլմը նկարել….

– Իհարկե, հնարավոր է, դրա համար ժամանակ ու միջոցներ են հարկավոր, մենք այդ ուղղությամբ մտածում ենք:

Leave a Comment