1 ապրիլի 2026 – 11:36 AMT
PanARMENIAN.Net – Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխվել է էլեկտրամոբիլի շարժիչի հզորությունը հաշվելու կարգը, հայտնում է ՆԳՆ-ն։
Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է: Եթե մեքենան արդեն ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս կօգտագործվի դրանում նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում հաշվարկը կարվի նոր կարգով։
Մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1․5-ի, 251 և բարձր ձիաուժ հզորության դեպքում՝ հաշվարկը կատարվում է 2 մասով։ Առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1․5-ի, իսկ մնացած մասը՝ 2․5-ի։ Հետո ստացված արդյունքները գումարվում են։
Նշվել է նաև, որ կայքում իրականացվում են համապատասխան աշխատանքներ և ապրիլի 1-ի ընթացքում բոլոր մեքենաների ձիաուժերը կարտացոլվեն հարթակի անհատական հաշիվներում։
Կարգավորումները նախատեսվում է կիրառել մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը, որից հետո հնարավոր կլինի գնահատել դրանց արդյունավետությունը և որոշել՝ պահպանե՞լ նույն ռեժիմը, թե կատարել լրացուցիչ փոփոխություններ։