Սարաֆյանը մրցանակին արժանացել է բրազիլացի ռեժիսոր Ժոզե Էդուարդո Բելմոնտեի «Գրեթե անապատ» դրամատիկ թրիլլերում գլխավոր դերակատարման համար

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Ամերիկահայ հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանն արժանացել է լավագույն դերասանուհու մրցանակին Իսպանիայում կայացած Մալագայի կինոփառատոնում (Festival de Málaga), հայտնում է The Spain Post-ը:
Սարաֆյանը մրցանակին արժանացել է բրազիլացի ռեժիսոր Ժոզե Էդուարդո Բելմոնտեի «Գրեթե անապատ» (Quase Deserto) դրամատիկ թրիլլերում գլխավոր դերակատարման համար։
Ֆիլմը պատմում է բրազիլացի ճարտարապետ Բենհամինի մասին, ով գտնվում է խորը անձնական ճգնաժամի մեջ։ Նրա կյանքը կտրուկ շրջադարձ է կատարում խորհրդավոր Ավայի (Անժելա Սարաֆյան) հետ հանդիպումից հետո:
Festival de Málaga-ի մասին
Festival de Málaga-ն Իսպանիայի հեղինակավոր կինոիրադարձություններից մեկն է, որն անցկացվում է 1998 թվականից: Փառատոնի նպատակն է խթանել իսպանալեզու կինոարտադրությունը և նպաստել իսպանական ու լատինամերիկյան ֆիլմերի տարածմանը: Փառատոնի գլխավոր մրցանակը կոչվում է «Բիզնագա» (Biznaga), որը Մալագա քաղաքի խորհրդանիշն է: