Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է

Այսօրվանից՝ ապրիլի մեկից, ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, որով փոփոխվել է էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը հաշվելու կարգը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Եթե մեքենան արդեն ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս կօգտագործվի այնտեղ նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում հաշվարկը կարվի նոր կարգով։ Մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1.5-ի, 251 ձիաուժ և բարձր հզորության դեպքում հաշվարկը կատարվում է երկու մասով։

Առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը 2.5-ի, հետո ստացված արդյունքները գումարվում են։ Օրինակ, 544 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլի դեպքում նշված բանաձևի կիրառման արդյունքում հաշվարկված հզորության արժեքը կկազմի 284 ձիաուժ։ Այսինքն 2025 թվականի արտադրության նմանատիպ մեքենայի համար ներկայումս վճարվող 666000 դրամ գույքահարկի փոխարեն, քաղաքացին կվճարի 276.000 դրամ։

Մեկ այլ օրինակ՝ 218 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրամոբիլի դեպքում նշված բանաձևի կիրառման արդյունքում հաշվարկված հզորության արժեքը կկազմի 145 ձիաուժ։

Այսինքն, 2025 թվականի արտադրության նմանատիպ մեքենայի համար ներկայումս վճարվող 133.400 դրամ գույքահարկի փոխարեն քաղաքացին կվճարի 43.500 դրամ։ Արդեն գրանցված էլեկտրամոբիլների տվյալները կփոփոխվեն ավտոմատ, սեփականատերերը դրա մասին կտեղեկանան roadpolice.am հարթակի իրենց անձնական էջում կամ համապատասխան հաղորդագրությամբ։

Leave a Comment