Բոսնիա և Հերցեգովինան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Իտալիային ու նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր



ՍՊՈՐՏ

Աշխարհի 2026 թվականի առաջնության անցումային խաղում Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը դրամատիկ պայքարում հաղթեց Իտալիայի ընտրանուն՝ 1:1 (հետխաղյա 11մ.՝ 4:1)։

Հանդիպումը կայացել է Զենիցայի «Բիլինո Պոլե» մարզադաշտում։

 

​Խաղի հաշիվը հանդիպման 15-րդ րոպեին բացեց իտալացիների հարձակվող Մոյզե Քինը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Իտալիայի հավաքականը մնաց տասը հոգով. կարմիր քարտ ստացավ պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։

​Թվային առավելությունը բոսնիացիները կարողացան իրացնել միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում. փոխարինման դուրս գալուց ընդամենը 8 րոպե անց աչքի ընկավ հարձակվող Հարիս Տաբակովիչը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավումներ չարձանագրվեցին, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում շատ ավելի դիպուկ գտնվեցին Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստները՝ հաղթելով 4:1 հաշվով։

​Այսպիսով, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը հանդես կգա ԱԱ-2026-ում, որը կանցկացվի հունիսին՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Բոսնիացիները կընդգրկվեն B խմբում, որտեղ նրանց մրցակիցները կլինեն Կանադայի, Կատարի և Շվեյցարիայի ազգային հավաքականները։



Leave a Comment