Իրաքում ամերիկացի լրագրողուհու են առևանգել

Իրաքում ամերիկացի լրագրողուհու են առևանգել

Իրաքի մայրաքաղաքում առևանգել են ամերիկացի ֆրիլանսեր լրագրողուհու։ Մինչ այդ, նրա հասցեին բազմիցս հնչել էին սպառնալիքներ։

Պատանդառման գործով մեղադրվողներից մեկը կապված է Իրանի կողմից աջակցվող խմբավորումներից մեկի հետ։ Լրագրողուհին նախկինում լուսաբանել է Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի հակամարտությունները։

Շելլի Քիթլսոնին առևանգել են երեքշաբթի երեկոյան, հայտնել է Al-Monitor ամերիկյան լրատվական կայքը, որի հետ նա համագործակցում էր։

Իրաքի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ անվտանգության ուժերը հետապնդել են առևանգողներին, ինչի հետևանքով մեղադրյալներից մեկի մեքենան գլխիվայր է շրջվել, և մեկ կասկածյալ ձերբակալվել է։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ իրաքյան իշխանությունները ձերբակալել են Իրանի կողմից աջակցվող «Կատաիբ Հեզբոլլահ» խմբավորման հետ կապված անձին։

Պետքարտուղարի օգնական Դիլան Ջոնսոնը հաստատել է ամերիկացի լրագրողուհու առևանգման փաստը՝ չհրապարակելով Քիթլսոնի անունը։

«Պետդեպարտամենտը նախկինում կատարել է իր պարտքը՝ զգուշացնելով այդ անձին իր հասցեին հնչող սպառնալիքների մասին, և մենք շարունակելու ենք համակարգել գործողությունները ԱՄՆ ՀԴԲ-ի հետ՝ ապահովելու նրա ազատագրումը»,- գրել է Ջոնսոնը X սոցիալական ցանցում։

Հայտնի է, որ ամերիկյան իշխանությունները բազմիցս կապ են հաստատել Քիթլսոնի հետ և զգուշացրել են իր հասցեին հնչող սպառնալիքների մասին։

 

Leave a Comment