Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են մարտի 30-ին Թուրքիայի ուղղությամբ արձակված հրթիռի միջադեպին, որը հաջողությամբ չեզոքացվել էր։ Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ հրթիռը արձակվել է Իրանի տարածքից։ Սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին վստահեցրել է, որ Իսլամական Հանրապետությունը որևէ առնչություն չունի միջադեպի հետ։ Նա ընդգծել է, որ Թեհրանը հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և պատրաստակամ է մասնակցել համատեղ հետաքննությանը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խիստ դատապարտել է Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումը՝ վերահաստատելով իր աջակցությունը Թուրքիայի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը։ Նախօրեին նաև հեռախոսազրույց էր կայացել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների միջև։ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել ռազմական բախումների կանխման ու դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։