31 մարտի 2026 – 18:00 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառքի և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերին, և, դիմելով ընդդիմադիր հիմնական ուժերին ասել է՝ «ՀՀ համը ձեր բերանում է մնալու, պատերազմի եռագլուխ կուսակցության երեք գլխիկներ»:
Նա իր ուղերձը վերնագրել է «Ուղերձ եռագլխիկներին»՝ դիմելով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած երեք ընդդիմադիր ուժերին, որոնց առաջնորդում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գործարար Սամվել Կարապետյանին և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Փաշինյանը նորից կրկնել է իր այն թեզը, թե սա «Նիժնի Տապռի գեղը չէ»:
«Դուք 2026 թվականի հունիսի 7-ին ստանալու եք ՀՀ քաղաքացու պատասխանը, և ՀՀ քաղաքացին, որին դուք թվագրում եք, փաթեթավորում եք, և որոշում եք՝ փողով կարող եք առնել-ծախսել, ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է և դնելու է այն տեղը, որին դուք արժանի եք, որ ՀՀ համը ձեր բերանում է մնալու, պատերազմի եռագլխի կուսակցության երեք գլխիկներ»,- ասել է Փաշինյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ մի խումբ անձինք Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որտեղ Արմավիրի տարբեր բնակիչներ ձևական գրանցվել են և ստացել հանձնարարություն՝ ներգրավել ընտրողներ, որոնք քվեարկելու են Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Նշվել է, որ խոստացված ընտրակաշառքը ներկայացվել է որպես աշխատավարձ, իսկ մեկ այլ դրվագում գումարներ բաժանվել են բարեգործության անվան տակ։