
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մի՜ կալանավորեք այդ տղային
Պետության ղեկավարների անվտանգությունը, իհարկե, շատ կարևոր է։ Մտքովս էլ չի անցնի դա թերագնահատեմ։
Բայց Վարչապետին հարվածել փորձած երիտասարդը պարզապես հիվանդություն ունեցող անձ է, պետք չի կալանավորելով իր կյանքը խորտակել։ Կալանավորումը կարող է էապես ազդել իր հոգեկան առողջության վրա։
Կադրերում երևում է, որ միջադեպից առաջ Վարչապետն անցնում է այդ տղայի քիփ կողքով ու նա ոչինչ չի անում։ Եթե պլանավորած լիներ Վարչապետին հարվածելը` այդ պահին կաներ։ Էլ չասեմ, որ քննիչներն էլ բնակարանի խուզարկությամբ ոչինչ չեն հայտնաբերել։
Պարզապես նյարդային, հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդ է, ով որևէ վնաս չի տվել Վարչապետին և որևէ կերպ չէր պլանավորել այդ ամենը։
Այո, քննությամբ այդ ամենը պետք է մանրամասն ուսումնասիրել։ Բայց պետք չի «на всякий» այդ մարդու առողջական վիճակը վատացնելու գնով իրեն կալաանվորել»։