ԱՄՆ-ն կվերանայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ․ Ռուբիո

ԱՄՆ-ն Իրանի պատերազմից հետո կվերանայի հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ՆԱՏՕ-ն կարևոր է, քանի որ Վաշինգտոնին հնարավորություն է տալիս զինվորներ և ռազմական տեխնիկա տեղակայել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։ Սակայն, եթե դաշինքի դերը հարձակման դեպքում ԱՄՆ-ի պարագայում Եվրոպայի պաշտպանությունն է և դրան զուգահեռ Վաշինգտոնին մերժում են բազաներ տրամադրել, երբ դրանց անհրաժեշտությունը կա, ապա դա լավ համաձայնագիր չէ, ասել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն՝ որպես դաշինք, չպետք է լինի «միակողմանի երթևեկությամբ փողոց»։ «Հուսանք, որ մենք կկարողանանք լուծել այս խնդիրը», — նրա խոսքերը մեջբերել է dpa լրատվական գործակալությունը։

Միևնույն ժամանակ, Ռուբիոն ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ Իսպանիայի վարքագիծը անվանել է «շատ հիասթափեցնող»։ «Այս ձևաչափում դժվար է մնալ և ասել, որ այն օգուտ է բերում Միացյալ Նահանգներին։ Հետևաբար, այս ամենը պետք է վերանայվի», — ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ավելի վաղ՝ մարտի 27-ին, The Telegraph-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է որոշումների կայացման ժամանակ ՆԱՏՕ-ի անդամներին քվեարկելու իրավունքից զրկելու հարցը, եթե նրանք չկարողանան պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի: «Յուրաքանչյուր երկիր, որը չի կատարի 5%–ի թիրախին հասնելու պարտավորությունը, ՆԱՏՕ-ի ապագա ծախսերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս չպետք է ձայն ունենա », — թերթին ասել է ԱՄՆ վարչակազմի աղբյուրը։

Հյուսիսատլանտյան դաշինքում որոշումների կայացումը պահանջում է կոնսենսուս: Թերթը նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, հավանաբար, կարգելափակեն Թրամփի առաջարկած ցանկացած փոփոխություն, ինչը կհանգեցնի նրա հետ նոր բախման։

Մարտի կեսերին Թրամփը կոչ էր արել Միացյալ Թագավորությանը, Ֆրանսիային, Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային և այլ երկրների օգնել Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցը բացելու հարցում և իրենց նավերը ուղարկել Մերձավոր Արևելք։ «Եթե պատասխան չլինի, կամ եթե պատասխանը բացասական լինի, կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի ապագայի համար դա շատ վատ կլինի », — ասել էր Թրամփը մարտի 15-ին Financial Times-ին տված հարցազրույցում։

Հաջորդ օրը երկրների մեծ մասը, որոնց ուղղված կոչը, պատասխանել էր, որ իրենք Հորմուզի նեղուցը պաշտպանության համար նավատորմ ուղարկելու ծրագրեր չունեն։ «Սա մեր պատերազմը չէ. մենք չենք սկսել այն», — մարտի 16-ին հայտարարել էր Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, իր հերթին, նշել է, որ իր երկիրը ՄԱԿ-ից, ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից դրա համար որևէ մանդատ չունի ։

Մադրիդն այդ նույն ժամանակ ոչ միայն արգելել էր Վաշինգտոնին օգտագործել Իսպանիայի հարավում գտնվող բազաները, այլև փակել էր իր օդային տարածքը այլ երկրներում տեղակայված ամերիկյան ինքնաթիռների համար։

Leave a Comment