«Մամուլի ազատության մասին խոսակցությունը սկսելուց ես միշտ հետևյալ նախադասություն եմ ասում՝ երբեք իշխանությունը մամուլին չի սիրում, երբեք լրագրողները զերծ չեն ճնշումներից: Եվ դա բոլոր երկրներում է»,- Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում նշեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
«30 և ավելի տարիներ լրագրության մեջ եմ, նաև իմ նկատմամբ եղած իրադարձությունների սպեկտրում եմ վերլուծություն անում և տեսնում եմ, որ միշտ իշխանությունների կողմից եղել են տարբեր բնույթի ճնշումներ, բայց այն, որ կունենանք փողոցից, քաղհասարակությունից, մամուլից եկած իշխանություն, որը կկիրառի դաժան ճնշումներ լրատվամիջոցների նկատմամբ, ճիշտն ասած, ես գոնե 2018 թվականին չէի պատկերացնում:
Հակառակը, ինձ թվում էր, որ նախկին խմբագիր, նախկին լրագրողներ, քաղհասարակության ներկայացուցիչները` Քաղաքացիական պայմանագիր կոչվող խումբը, որ իշխանության է եկել, պետք է ավելի բարենպաստ միջավայր ստեղծի լրագրողների համար, պետք է մեզ գնահատեն, գուցե նաև արտոնյալ պայմաններ ստեղծեն, որպեսզի լրատվամիջոցները գործեն, որովհետև իրենք իրենց մաշկի վրա զգացել են այդ ճնշումները և պետք է հետևություններ արած լինեին: Բայց ցավոք սրտի, 2018-ից հետո բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան ԶԼՄ-ների հետ կապված, որոնք վկայում են այն մասին, որ այս իշխանությունը չունի հարգանք լրատվամիջոցների հանդեպ, չի գիտակցում ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը հասարակության մեջ, ընդհակառակը՝ ամեն գնով փորձում է փակել մեր բերանը, զսպաշապիկ հագցնել, այնպես անել, որ մեր աշխատանքի հնարավորությունները սուղ լինեն, մենք ավելի կաշկանդված լինենք»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։