Ադրբեջանը Հայաստանի դեմ շարունակում է վարել և ապագայում էլ վարելու է հիբրիդային պատերազմ, որը դրսևորովում է պատմության ռևիզիոնիզմի (պատմական իրադարձությունների, փաստերի և գնահատականների վերանայում` հաճախ հիմնված քաղաքական նպատակահարմարության վրա, որը նպատակ ունի արդարացնել պատմական հանցագործությունները կամ հերոսացնելով ավտորիտար ռեժիմները `խմբ.), պատմության խեղաթյուրման միջոցով, տարբեր հարթակներում խավիարային դիվանագիտության միջոցով՝ վարկաբեկելու Հայաստանի Հանարապետությանը և հայ ժողովրդին։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների կողմից մարտի 31-ը հայերի կողմից ադրբեջանցիների «ցեղասպանության» օր նշելու նախաձեռնությանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջել է 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։
Ըստ նրա՝ միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների» շարքի հարցում և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես «ցեղասպանություն»։
Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները մարտի 31ը հայտարարում է հայերի կողմից ադրբեջանցիների «ցեղասպանության» օր և միաժամանակ պատրաստվում Բաքվում կառուցել համապատասխան հուշարձան՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ճիշտ կրկնօրինակը։
Ըստ Արա Պողոսյանի՝ սրանք բոլորը հիբրիդային պատերազմի համալիր գործողություններ են, որոնց նպատակը ոչ թե պարզապես հայերին և Հայաստանը վարկաբեկելն է, այլ ավելի հեռուն գնացող գաղափարները՝ ապագայում լեգիտիմացնելու հայերի նկատմամբ կոշտ ուժի՝ այն է՝ պատերազմի կիրառումը։
«Այս ամենի նպատակն է ապագայում պահանջել, որպեսզի հայերը հրաժարվեն Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, ինչպես որ իրենք կհրաժարվեն։
Ակնհայտ է, որ սա մեկ պետության կամ մեկ կենտրոնի կազմակերպած մեթոդական գործողությունների համալիր չէ, այլ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մանրակրկիտ մշակված գործողությունների պլան, որի նպատակն է վերջնարդյունքում Հայաստանին ներկայում և ապագայում զրկել արտաքաին քաղաքականության հնարավոր գործիքներից, ինչպես նաև Հայաստանին թելադրել այնպիսի վարքագիծ, ինչպիսին իրենք կցանկանան։
Պատահական չէ, որ Ադրբեջանում տարբեր թեզերի միջոցով փորձ է արվում հայերին վերագրել հանցագործություններ, որոնք իրականության մեջ հենց հայերի նկատմամբ են կիրառվել։ Սա նպատակ ունի փոխել հայի կերպարը և նրան ներկայացնել որպես ագրեսոր, ինչպես նաև ադրբեջանաթուրքական տանդեմի վրայից մաքրել ցեղասպանություն կատարածի խարանը և հայերին ներկայացնել որպես հանցագործ՝ միաժամանակ ապագայում տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին և փորձելով փոխել ՀՀ դեմոգրաֆիական պատկերը։ Սրա մասին նրանք բազմիցս խոսել են, բազմաթիվ գիտական հոդվածներ տպել՝ այսօր արդեն փորձելով գիտական ռևիզիոնիզմի ենթարկել հայկական պատմությունը, կոնֆլիկտի պատմությունը, Արցախի հարցը և ընդհանրապես հայ-ադրբեջանական առնչությունները»,- ասաց Արա Պողոսյանը։
Անդրադառնալով այս զարգացումների ֆոնին ՀՀ իշխանությունների վարքագծին՝ քաղաքագետն ընդգծեց՝ սա հստակ օժանդակիչ վարքագիծ է ադրբեջանական պատմության ռևիզիոնիզմին և հայերի նկատմամբ վարվող հիբրիդային պատերազմին։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ հիբրիդային պատերազմին հնարավոր չէ դիմակայել՝ հարմարվելով դրան կամ արդարացնելով այդ երևույթը, հակառակը, երբ որևէ կողմ արդարացնում է հիբրիդային պատերազմը, ակամայից դառնում է հիբրիդային պատերազմի գործիք, վերածվում սեփական պետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի գործիքի։
«Այստեղ հատուկ նշեմ՝ շատ կարևոր է 3 չափանիշ, որպեսզի որևէ ազդեցություն բնորոշենք որպես հիբրիդային պատերազմ։ Առաջինը նպատակն է, որը դրվում է տվյալ ազդեցության հիմքում, երկրորդը՝ մեթոդական ուղեկցումն է, որը, որպես հայեցակարգ, կիրառում է տվյալ ազդեցությունը և երրորդը՝ նպատակային կիրառման ճանապարհն է և օբյեկտը, որոնց նկատմամբ այն կիրառվում է։
Այս պարագայում կիրառվում է ոչ թե անհատի դեմ, այլ՝ ընդհանուր ինստիտուտների, ժողովրդի և պետության։ Իսկ սա արդեն հիբրիդային պատերազմ է, որը ենթադրում է երկարատև գործողություններ և երկարատև հետևանքներ։ Իսկ սրանց նպատակն անհատը չէ, այլ ընդհանուր ժողովուրդը, պետությունը և ինստիտուտները»,- նշեց Արա Պողոսյանը՝ հավելելով, որ քանի դեռ «բանը բանից» վերջնականապես չի անցել, մեզանից պահանջվում է նպատակադրված, թիրախային աշխատանք։
Հարցին՝ ո՞վ կամ ովքե՞ր պետք է իրականացնեն այդ թիրախային աշխատանքը, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն հայտարարում է՝ ինքը, որպես վարչապետ, հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից, Արա Պողոսյանը պատասխանեց՝ ստեղծված իրավիճակում պետք է առավելապես ապավինել հայկական սփյուռքին։
«Որպեսզի հասկանանք, թե ով պետք է թիրախային աշխատանք իրականացնի, շատ պարզ բանաձև կա. մարդիկ պետությունն ստեղծել են, որպեսզի այն, որպես հավաքական ուժի կենտրոն, կարողանա պաշտպանել իրենց։ Պետության ղեկին գտնվող անձինք, հայտարարում են, որ իրենք գործ չունեն պատմական արդարության հետ, ինչն ուղիղ նշանակում է, որ նրանք հրաժարվել են իրենց այդ ֆունկցիայից։
Մյուս կենտրոնը, որ մենք ունենք, սփյուռքն է։ Այն մեր կարևորագույն լծակն է, որը, որպես առանձին ուժ, իր վրա չի կրում ՀՀ պետական իշխանության դեգրադացված քաղաքական գիծը և պարտավորվածություն չունի հետևել այդ գծին։ Սփյուռքը պետք է վերափոխվի՝ դառնալով ցանցային պետություն՝ իր վրա վերցնելով համասփյուռքյան պահանջների իրագործումը՝ դառնա միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Կարծում եմ՝ հայկական սփյուռքն ի վիճակի է դառնալ միջազգային հարաբերությունների սուբյեկտ և վերցնել այս օրակարգը՝ որպես համախմբող ուժ»,- ամփոփեց Արա Պողոսյանը։
Նշենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Իլհամ Ալիևի պաշտոնական սոցիալական ցանցերի էջում մարտի 31-ի՝ ադրբեջանցիների «ցեղասպանության» օրվա կապակցությամբ գրառում է հրապարակվել։
Թուրքագետ Մհեր Աբրահամյանն էլ այս թեմայով ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է.
«Հայաստանում բոլոր իմաստներով քանդում և ավիրում են պատմական և ողբերգական իրողության ապացուցող, հիշողությունը միշտ վառ պահող կառույցը` Հայոց Ցեղսպանության հուշահամալիրը և ինտիտուտը: Սստիպում հայերին կասկածել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության կողմից պետականորեն կազմակերպված մի ամողջ ժողովրդի սպանությանը, ստիպում ու քարոզում են հավատալ, որ վերը նշված մեկ մյուսին իրավահաջորդ պետությունները այդքան էլ մեղավոր չեն, որ մենք հայրս ունենք մեր մեղքի բաժինը : Իսկ Ադրբեջանը հորինում է ցեղասպանության օրեր, և դա հերքի չէ, այն ներկայացնում է ՄԱԿ-ում և տարատեսակ կազմակերպություններում, ծախսում դրա վրա գումարներ, լոգոներ հնարում (մերի նման):
Պետք է ազատվել այս ազգաճնշման ու ազգավերացման իրականությունից….
Նկարում ադրբեջանական «լոգոն» է նվիրված այսպես կոչված ադրբեջանական ցեղասպանությանը 1918թ, որը իբր իրականացվել է հայերի կողմից»։
The post Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում և ապագայում էլ վարելու է. քաղաքագետը՝ մարտի 31-ը հայերի կողմից ադրբեջանցիների «ցեղասպանության» օր հռչակելու մասին appeared first on Ազգ.