«Հարվածի տակ չդնել ճակատագրերը»․ ձերբակալված եղբայրների հարազատների բաց նամակը

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա երկվորյակ եղբայրներին տեղափոխել են Երևանի քննչական վարչություն, որի բակում նրանց հարազատներն ու ընկերները բաց նամակ են հղել Հայաստանի պետական կառույցներին։ Ուղիղ հեռարձակումը քննչական վարչության բակից՝ Armenia TodayYoutube-ի ալիքում։

Նշենք, որ գրեթե 3 ժամ է՝ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները գտնվում են վարչությունում, ուր տեղափոխվել էին առավոտյան՝ 11։00-ի սահմաններում։ Նրանց փաստաբանները, որոնց առավոտյան թույլ չէին տալիս մտնել վարչության շենք, և դա կարողացան անել միայն ՄԻՊ գրասենյակ ահազանգելուց հետո, նույնպես ներսում են։ Դեռ հայտնի չէ, թե մասնավորապես ինչ են քննարկում վարչությունում։

Վարչության բակում տղաների հարազատներն ու ընկերները ԶԼՄ-ներին փոխանցած բաց նամակում պետական կառույցներին խնդրել են «հարվածի տակ չդնել պատանիների ճակատագիրը»՝ ընդգծելով, որ Մինասյանները կարող են պիտանի լինել հասարակությանն ու պետությանը։

Նրանց խոսքով՝ եղբայրները խելացի, կիրթ և հայրենասեր պատանիներ են, որոնք երբևէ չեն առնչվել խուլիգանական կամ քաղաքական գործունեության։ Նրանք նաև նշել են, որ Մինասյանները Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են և Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ պարզապես հայտնվել են հրմշտոցի մեջ։

Հարազատները պնդում են, որ նրանց գործողություններում որևէ մեկին վնաս հասցնելու միտում չկար։

Տղաներին և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանին ձերբակալել էին մարտի 29-ին՝ Փաշինյանի և եղբայրներից մեկի մեկի միջև տեղի ունեցած միջադեպից ժամեր անց։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում տղան Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։ Միջադեպի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, ավելի ուշ՝ հանրային քրեական հետապնդում հարուցվել։

Եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ տղաներն առնչություն չունեն Գևորգյանի հետ։ Եղբայրների փաստաբանները նրանց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել՝ հայտարարելով, որ նրանք անազատության հետ անհամատեղելի առողջական խնդիր ունեն։

Leave a Comment