Համաշխարհային բանկը հաստատել է 200 մլն դոլարի ծրագիրը ՀՀ համար

Համաշխարհային բանկը հաստատել է 200 մլն դոլարի ծրագիրը ՀՀ համար

31 մարտի 2026 – 14:53 AMT

PanARMENIAN.NetՀամաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 200 միլիոն դոլարի (170.3 միլիոն եվրո) տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության գործառնությունը՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսություն՝ ներառելով նաև արտանետումների վերահսկման և կառավարման համակարգի ձևավորում։Այս մասին հայտնել է Համաշխարհային բանկը։

Միաժամանակ նշվել է, որ ՕՊԵԿ հիմնադրամը մտադիր է զուգահեռ տրամադրել մինչև 92.8 միլիոն դոլարի համարժեք (80 միլիոն եվրո) ֆինանսավորում, ինչի արդյունքում ընդհանուր աջակցությունը կհասնի մոտ 290 միլիոն դոլարի (250 միլիոն եվրո), հայտնում է Factor.am-ը:

«Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության գործառնությունը» ուղղված է բազմաճյուղ բարեփոխումների օրակարգի առաջմղմանը, որը ներառում է ներդրումային և գործարար միջավայրի արդիականացում, մրցակցության և սպառողների պաշտպանության ուժեղացում, ինչպես նաև հարկաբյուջետային և կարգավորիչ համակարգերի դիմադրողականության բարձրացում։

«Հայաստանն ունի հավակնոտ բարեփոխումների օրակարգ, և մենք աջակցում ենք երկրի ջանքերին՝ կառուցելու ավելի բաց, մրցունակ և կայուն տնտեսություն»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։

Նրա գնահատմամբ՝ ավելի դիվերսիֆիկացված և դիմակայուն տնտեսության ձևավորումը ստեղծում է աճի հնարավորություններ, որոնք օգտակար կլինեն յուրաքանչյուր քաղաքացու համար։

Հաղորդագրության համաձայն՝ գործառնությունը կառուցվել է երկու հիմնական հենասյուների վրա։ Առաջինը վերաբերում է ներդրումների և առևտրի ներուժի իրացմանը և մրցակցության խթանմանը։ Այդ շրջանակում նախատեսվել են իրավական դաշտի արդիականացում ներդրումների համար, մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացում, ներմուծվող ապրանքների մշակման ժամկետի 20 տոկոսով կրճատում, ինչպես նաև սպառողների պաշտպանության համակարգի ամրապնդում և անարդար առևտրային գործելակերպի սահմանափակում։ Բացի այդ, նախատեսվել է նաև թվային տնտեսության զարգացմանը նպաստող հիմնական օրենքների ընդունում, ներառյալ կիբեռանվտանգության կառավարման բարելավումը։

Հիմնական միջոցառումները ներառում են «Կլիմայի մասին» նոր օրենքի ընդունումը, որն աջակցում է պետական բյուջեում կլիմայի բյուջեի «պիտակավորման» կիրառմանը, ազգային ջերմոցային գազերի արտանետումների թույլտվությունների համակարգի ստեղծումը և կանաչ տաքսոնոմիայի ներդրումը՝ տնտեսության մեջ կայուն տնտեսական աճի գործողությունների սահմանման և դասակարգման համակարգի ստանդարտացման համար, որը կօգնի դրանց համար մասնավոր ներդրումների ներգրավմանը։

Գործառնության մշակմանն աջակցել են «Կլիմայի աջակցության հիմնադրամը» և PROGREEN հավատարմագրային հիմնադրամը, որոնք տեխնիկական և վերլուծական աջակցություն են ցուցաբերել կլիմայական բարեփոխումների բաղադրիչների համար։ Գործառնության իրականացնողն է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդես են գալիս որպես հիմնական աջակցող գործակալություններ։

Leave a Comment