«Ուժեղ Հայաստան»-ն ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։

Այսօր՝ մարտի 31-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։

Միավորված քաղաքական ուժերը կենտրոնանալու են «Ուժեղ Հայաստանի» օրակարգի շուրջ, որի առանցքային սկզբունքներն են պետականության ամրապնդումը, տնտեսական կայուն զարգացումը և հաշվետու կառավարման համակարգի ներդրումը։

Նշվում է, որ ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային-պետական և արժեքային մոտեցումներին, և կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվել այդ գաղափարական հենքի շուրջ։

Հուշագրի ստորագրման ավարտին, պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչով է պայմանավորված դաշինքով ընտրությունների գնալու որոշումը, Կարապետյանը պարզաբանեց, որ դրան հիմք են ծառայել քաղաքական ուժերի մասնագիտական որակները։

«Ֆինանսական մասնագիտական բազա ունեցող պարոն Սարգսյանը և պարոն Հարությունյանը՝ իրավաբանական․ այսինքն մենք տեսնում ենք, որ մասնագիտական փոփոխության ֆորմատով պետք է հանդես գանք։ Քաղաքական գործիչները պետք է չլինեն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ միայն, պետք է անցած ճանապարհ ունենան, որպեսզի կարողանան հասկանալ ոլորտները։ Հենց պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա էլ մենք ստեղծել ենք մեր միավորման տեսլականը»,- պարզաբանեց Կարապետյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ուժեղ Հայաստան»-ին ու Սամվել Կարապետյանին պատերազմի դիրքերից հանդես գալու շուրջ մեղադրանքներին վերաբերող հարցին, Նարեկ Կարապետյանը նշեց, որ իշխանություններն, իրական ներդրումային առաջարկների և տնտեսական առաջընթացի բացակայության պայմաններում, փորձում են օրակարգ ձևավորել բացառապես խաղաղության պայմանագրի շուրջ։

«Աղքատության վերացման հետ կապված ոչ մի բան արված չի երկրում, ոչ էլ այլ ուղղություններով, որևէ լուրջ լուծումներ չունենք մենք մեր երկրում, այդ իսկ պատճառով նրանք ինչ-որ օրակարգեր են իրենց համար ստեղծում։ Ծառին նայում են իր պտուղով, այս ծառը երեք պատերազմ է բերել մեզ, ամեն սեպտեմբեր մենք արթնանում էինք նոր զոհերով, նոր պատերազմով, հույսերը թող չդնեն, որ մեր ժողովուրդը հիշողություն չունի, մեր ժողովուրդը 100 տարի առաջ էլ է լավ հիշում, հիմա-ն էլ է լավ հիշելու»,- շեշտեց Կարապետյանը։

Կարապետյանի համոզմամբ՝ ձևավորված դաշինքն ընտրություններում իրական այլընտրանքն է, քանի որ հասարակությունն ունի երկու ճանապարհ ունի, կամ հարմարվել ներկա պայմաններին, կամ ընտրել ուժ, որը կապահովվի առաջընթաց:

«Կա՛մ մնում է ամեն ինչ նույնը, այս խեղճ վիճակով, մեր խեղճ անցած վիճակով, պառակտված վիճակով՝ Փաշինյանի հետ, կա՛մ Կարապետյանի հետ գալիս են մեծ փոփոխություններ, նոր փոփոխություններ, նոր հնարավորություններ մեր երկրի համար»,- նշել է նա։

 

 

Leave a Comment